
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը ներկայացրել է Empirica հետազոտական և խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման տվյալները՝ վերաբերող վարչապետի հավանական թեկնածուներին և ընտրական տրամադրություններին։ Նրա խոսքով՝ արդյունքները ցույց են տալիս, որ տարբեր տարիքային խմբերում Սամվել Կարապետյանը զգալի առավելություն ունի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
Մասնավորապես, Մելոյանը նշել է, որ 18–29 տարեկանների շրջանում Կարապետյանի առավելությունը Փաշինյանի նկատմամբ կազմում է 18 տոկոսային կետ, իսկ 30–49 տարեկանների խմբում՝ 4 տոկոսային կետ։ Երևանում առհասարակ պատկերն ավելի խոսուն է․ մայրաքաղաքում հարցվածների գրեթե կեսը՝ 49 տոկոսը, որպես վարչապետի թեկնածու ընտրում է Սամվել Կարապետյանին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանին աջակցել է հարցվածների ընդամենը 24 տոկոսը։
Մելոյանը նշել է նաև, որ նույն հետազոտության համաձայն, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այսօր, Երևանի ընտրողների շուրջ 35 տոկոսը իր ձայնը կտար «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Նրա գնահատմամբ՝ սա վկայում է, որ ընդդիմադիր դաշտը աստիճանաբար համախմբվում է նոր ուժի և Սամվել Կարապետյանի շուրջ, մինչդեռ գործող իշխանության դիրքերը հատկապես մայրաքաղաքում նկատելիորեն թուլանում են։




































