
«Խոսքը այն մասին չէ, թե, իբր, գործերը «շատ լավ չեն»․ գործերը շատ վատ են, հատկապես խոշոր քաղաքներում, և Նիկոլը դա շատ լավ գիտի»,–«Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի վերջին շրջանի վարքագիծը և նախընտրական «քայլերը»։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բացահայտ ատելություն է ցուցադրում ոչ միայն ընդդիմախոսների, այլև արդեն սեփական ընտրազանգվածի նկատմամբ․ Տավուշի և Շիրակի մարզերում հարձակվեց իր կողմնակիցների վրա, իսկ օրերս էլ Երևանի մետրոպոլիտենում բացահայտ վիրավորեց արցախցիներին՝ նրանց անվանելով «փախածներ»։
Համբարյանն ընդգծում է, որ ոչ մի ուշացած արդարացում ու ներողություն չեն փոխում մետրոյում տեղի ունեցածի էությունը․ վարչապետը անչափահաս որդու ներկայությամբ բղավում էր արցախցի կնոջ վրա՝ միայն այն պատճառով, որ նա հրաժարվել էր վերցնել ՔՊ-ի քարոզչական կրծքանշանը։ «Շատ դեպքերում մարդն իր անկեղծ կարծիքը հայտնում է դիմացինի նկատմամբ, երբ զայրանում է։ Եվ Նիկոլը հենց այդ օրինակներից մեկն է։ Մարդը բացահայտ բոլոր արցախցիներին անվանեց «փախածներ», հետո փորձեց արդարանալ»,– ընդգծում է Համբարյանը։
Անդրադառնալով ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավին՝ Համբարյանը համոզված է, որ Փաշինյանը «ներքին փրայմերիզի» անվան տակ զբաղված է բացահայտ քաղաքական քարոզչությամբ՝ բազմաթիվ խախտումներով։ «Ինքը հայտարարում է, թե հիմա զբաղված են ցուցակի հորիզոնականները ճշգրտելով, բայց ինչ կապ ունի դրա հետ մարդկանց տներ գնալը, մարդկանց առանց թույլտվության մոտենալը, պարտադրանքով հանդիպումներ կազմակերպելը։ Սա ոչ թե ներքին պրոցես է, այլ ամբողջական քարոզարշավը»,– նշում է նա։ Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը ամենուր փորձում է ցույց տալ այսպես կոչված «իրական Հայաստանի» քարտեզը, բայց եթե անկեղծ լինել, այդ քարտեզից պետք է հաներ Ջերմուկի, Սոթք–Խոզնավարի, Ներքին Հանդի, Իշխանասարի, Տեղի և այն Տավուշի հատվածը, որը փաստացի հանձնեց Բաքվին․ «Փաշինյանի իրական Հայաստանը հենց դա է՝ գոտիներ, որոնք ֆորմալ թուղթ ու խոսքերով ներկայացվում են «Հայաստան», բայց փաստացի գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ»։
Համբարյանը համոզված է՝ ադրբեջանա–թուրքական տանդեմն այսօր Նիկոլի միջոցով է խաբում և շանտաժի ենթարկում հայ ժողովրդին՝ տարածելով թեզը, թե եթե Փաշինյանը չվերընտրվի, նոր պատերազմ կսկսվի։ Մինչդեռ, ինչպես հիշեցնում է քաղաքագետը, հենց Նիկոլի իշխանության օրոք է Ադրբեջանը չորս անգամ ագրեսիա իրականացրել Հայաստանի Հանրապետության դեմ, որոնցից երեքն ավարտվել են խայտառակ պարտությամբ Հայաստանի համար՝ 2020, 2022 և 2023 թվականներին։ «Թուրքիայի և Ադրբեջանի առաջ ծնկի եկած մարդը չի կարող հավասարը հավասարին խոսել Ադրբեջանի հետ և չի կարող խաղաղություն բերել, որքան էլ փորձի այդպես ներկայացնել։ Թուրքիան և Ադրբեջանը հինգ պահանջ են ներկայացրել, և դրանց մեծ մասը Փաշինյանն արդեն գործնականում կատարել է՝ Սահմանադրության փոփոխությունից և «Զանգեզուրի միջանցքի» (TRIPP ծրագրի անվան տակ) իրականացումից մինչև բանակի թուլացում և Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագրեր»,– նշում է Համբարյանը։
Քաղաքագետը որպես օրինակ բերում է Փաշինյանի կառավարման տակ վերցված պարտքերի ծավալն ու դրանց արդյունավետության ցածր մակարդակը՝ համեմատելով «Լինսի» հիմնադրամի ծրագրերի հետ։ Նրա խոսքով՝ ընդամենը 250 միլիոն դոլարով «Լինսի»-ն վերանորոգել է ամբողջ երկրի կենտրոնական ճանապարհները, Գյումրիի, Երևանի և Վանաձորի բոլոր կենտրոնական փողոցները, կառուցել շուրջ 20 հազար բնակարան և աղետի գոտու բոլոր քարաշեն դպրոցները, մինչդեռ ութ տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը Գյումրիում պետական միջոցներով և դոնորների աջակցությամբ մեկ բնակարան անգամ չի կառուցել։
Վերջում Համբարյանը հիշեցնում է, որ Փաշինյանը և իր թիմակիցները շարունակում են կռիվ տալ Արցախի «ստվերի» դեմ անգամ․ բավական է միայն հնչի «Արցախ» բառը, որպեսզի նրանք դուրս գան իրենցից։ «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց․ 2008-ի մարտի 1-ի իր ելույթներում բացահայտ ատելություն էր դրսևորում Արցախի նկատմամբ, դրա մասին տեսագրություններ կան։ Նույն կերպ նա կվարվի շիրակցու, լոռեցու, տավուշցու, սյունեցու հետ՝ բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը»,– ասում է քաղաքագետը։ Նրա խոսքով՝ Ստեփանակերտում 2019 թվականի օգոստոսին հնչեցված «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսը քանդեց Մինսկի խմբի բանակցային գործընթացը և քարտ-բլանշ տվեց Ադրբեջանին, իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրած փաստաթղթով Փաշինյանը փաստացի ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ «Այս ամենից հետո նա դեռ համարձակվում է ազատամարտիկի դստերը ասել՝ «փախաք», ինչի՞ չմնացիք»,– եզրափակում է Գագիկ Համբարյանը։













































