
Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» թիմով շրջում է Սյունիքի մարզում. երեկ Սիսիանում էին, այսօր՝ Տաթևում: Վարչապետը բակեր է մտնում, դռներ թակում, հետաքրքրվում քաղաքացիների խնդիրներով, կառավարական ծրագրերի արդյունքներով: Լավաշ է ուտում: Թոշակառուներից հարցնում է կենսաթոշակի բարձրացման ու առողջության ապահովագրության մասին, ուսուցիչներից՝ ատեստավորման արդյունքների: Մի պապիկի խորհուրդ տվեց անկանխիկ վճարումներից օգտվել, որ իր 48 հազար դրամ կենսաթոշակը դառնա գրեթե 70 հազար: Մտավ բազմաբնակարան շենք, դռներ թակեց: Տարեց մի տղամարդ, ով դժգոհեց, որ դժվար է հիվանդանոց հասնել, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անմիջապես խոստացավ տանը բժիշկ հրավիրել ու անձամբ գրի առավ նրա հեռախոսահամարը:
Թվում է՝ ժողովրդական սիրո հուզիչ պատկեր: Բայց կա մի նրբերանգ. ընտրություններին մնացել են ամիսներ, և իշխող կուսակցությունը բացահայտ ծավալել է նախընտրական քարոզարշավ՝ վարչական ռեսուրսն օգտագործելով: Ըստ էության՝ ընտրակաշառք է բաժանում, որովհետև նախընտրական շրջանում խոստումներն ու ծառայություններն այլ կերպ չես որակի: «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմության դիրքերն ակնհայտորեն անհավասար են:
Հոգեբանը Փաշինյանի բեմականացման մասին. «Իշխանության մայրամուտի ժամանակագրություն»
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը «Հրապարակի» հետ զրույցում կատարվողը լավ մշակված սցենար է որակել: Նրա խոսքով՝ ամուսնալուծության պատմությունը, որ շաբաթներ առաջ բեմադրեց Աննա Հակոբյանը, Փաշինյանին պետք էր լքված տղամարդու կերպար ստեղծելու համար: Հիմա նա փորձում է հավերժ քաղցածի դեր խաղալ՝ աջ ու ձախ ուտելով, հասարակ մարդ ձևանալով:
«Նրանք փորձում են “ուրախ ավտոբուսի” իմիտացիա ստեղծել. ի դեպ, այդպես են անվանում մարդկանց հոգեբուժարան տեղափոխող մեքենաները: Պապիկյանն այս անգամ սուջուխ ուտել առաջարկեց, մինչ այդ անախորժելի կերպով կարկանդակ ու եգիպտացորեն էին խժռում , լավաշ… Արձանագրենք. այս նախընտրական քարոզարշավն ընթանում է օրենքի կոպիտ խախտումներով: Եվ սա ապացուցում է մի բան. Փաշինյանը խուճապի մեջ է: Նրա վարկանիշը փլուզվել է իր մռայլ սպասումներից էլ ցածր: Նա ջղաձգորեն փորձում է այն բարձրացնել», – հայտարարել է Մադաթյանը:
Վերջը մոտ է
Հոգեբանը համոզված է. հիմա ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության մայրամուտին: Նրա անհիգիենիկ տեսարանները, բեմադրված զրույցները, ժողովրդի հետ սիրախաղի ջղաձգումները. այս ամենը ագոնիայի նշաններ են: «Քաղաքացիական պայմանագիրն» այլևս վարկանիշ չունի: Իսկ Գորբաչովի «ցիլինդրային» դարաշրջանը հիշեցնող նախընտրական քարոզարշավը միայն հաստատում է, որ ռեժիմը վերջին շունչն է փչում: Մնում է սպասել, թե երբ «ուրախ ավտոբուսը» վերջնականապես կուղևորվի պատմություն:





































