
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը համոզված է, որ այսօր իշխանության կողմից հնչեցվող «մոռացեք ձեր անցյալը» օրակարգը պատահական չէ․ դա Ադրբեջանի պատվերն է, որի նպատակը հայերից իրենց պատմական հիշողությունն ու ինքնությունը խլելն է։ Այսպես է նա արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին էթնիկական զտումների թեմայով և վերջին իրադարձությունների մեկնաբանություններին։
Մարուքյանի խոսքով՝ Փաշինյանի պայքարը ուղղված է ոչ թե իրական վտանգների, այլ հենց մեր հիշողության դեմ․ «նա քանդուքարափ է տալիս մեր արմատները, որպեսզի վերջում ձեզ ասի՝ այստեղ պարզապես կարող եք ապրել, բայց տանտերեր չեք»։ Եվ ամենասարսափելին, ընդգծում է ընդդիմադիր քաղաքական գործիչը, այն է, որ նման ուղերձներ հնչում են կառավարություն ղեկավարող մարդու կողմից, որը ձևականորեն կոչվում է հայկական։
Նրա խոսքով՝ իշխանությունն օրվա կարգախոս է դարձրել «մոռացեք, մի հիշեք, դա տաբու է», մինչդեռ Ադրբեջանը նույն պահին ձևավորում է կեղծ «հիշողություն» և աշխարհին ներկայացնում իր համար հարմարեցված պատմական պատկերը։ Մարուքյանը հիշեցնում է, որ իշխանության քարոզիչները ընդդիմությանը մեղադրում են վախ սերմանելու մեջ, երբ խոսվում է այն մասին, որ ադրբեջանցիները կարող են ներթափանցել, և փոխարենը խորհուրդ են տալիս «լավ բաներից խոսել», խոստանալ, օրինակ, 60 հազար դոլարանոց թոշակներ։
«Պետությունը ենք կորցնում, հայրենիքն ենք կորցնում, ու մեզ ասում են՝ դրա մասին չխոսեք, որ չվախեցնեք ընտրողին, դա՞ չէ, որ պետք է բարձրաձայնենք և դրա դեմ պայքարենք»,– ընդգծել է Մարուքյանը։ Նրա խոսքով՝ սա սովորական ընտրություն չի և ոչ էլ նորմալ իրավիճակ․ իշխանության ղեկին կանգնած մարդը բաց տեքստով ձեզ ասում է՝ դուք պիտի լինեք անասուն, որովհետև միայն անասունն է, որ հիշողություն չունի, չի հիշում, թե ով և ինչպես է իրենից խլել տունը, հողը, պետությունը։ Ահաբեկման և իրականության նենգափոխման քաղաքականության ռիսկերի մասին նմանատիպ նախազգուշացումներ արդեն հնչել են նաև այլ ընդդիմադիր գործիչներից։























































