Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ եթե առաջիկա ընտրություններում ՔՊ-ն չպահպանի սահմանադրական մեծամասնությունը, ապա սեպտեմբերին լինելու է «աղետաբեր պատերազմ»։ Քաղաքականագետ Ալեն Ղևոնդյանը նշում է, որ սա վարչապետի վարքագծի նոր գիծ չէ. Նա վաղուց փորձում է «խաղաղություն վաճառել» հասարակությանը որպես ապրանք՝ ուղեկցելով դա ուղիղ շանտաժով՝ «կա՛մ մենք, կա՛մ պատերազմ» բանաձևով։

Ղևոնդյանի դիտարկմամբ՝ սա բացահայտ շանտաժ է․ ենթատեքստը հստակ է․ «գիտենք՝ ինչպես պատերազմ հրահրել, և եթե մեզ չընտրեք, կարող ենք դա անել»։ Նա հիշեցնում է, թե ով էր իր քաղաքական ելույթներով խափանել բանակցային գործընթացը և հանգեցրել 2020 թվականի պատերազմի բռնկմանը՝ Ստեփանակերտում գոռալով «Արցախը Հայաստան է և վերջ» և դրանով հարցը տեղափոխելով ռազմական դաշտ։ Նույն ուժն այսօր նոր պատերազմի վախն օգտագործում է որպես գլխավոր նախընտրական փաստարկ։

Քաղաքականագետը շեշտում է, որ Փաշինյանն ու իր թիմակիցները ունեն մի գերնպատակ՝ ցանկացած գնով վերարտադրել իրենց իշխանությունը, այդ թվում՝ սեփական ֆիզիկական անվտանգության ու քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Իրենց ձեռքի տակ եղած հարցումները հստակ ցույց են տալիս, որ առանց ընտրակեղծիքների, ճնշումների, ձերբակալությունների և կիբերմանիպուլյացիաների առաջին փուլում 50 տոկոս գումարաց մեկ ձայն հավաքելուն հասնելը գործնականում անհնար է, իսկ երկրորդ փուլը նրանց համար դառնում է դեռ ավելի ռիսկային։

Դրա հետևանքն է Փաշինյանի որդեգրած նյարդային, կենցաղային, բայց խորապես ցինիկ կերպարը, երբ «սովորական մարդու» դիմակով հայտնվող ղեկավարը բաց տեքստով հեգնում է և վիրավորում ընդդիմադիրներին ու շարքային քաղաքացիներին։ Միաժամանակ, ըստ փորձագետների, օրեցօր ընկնում է թե՛ իր, թե՛ թիմի վարկանիշը․ դրա պատճառը թե՛ ցուցադրական «ավտոբուսային իրարանցումն» է, որը օտարեց անգամ նախկինում հավատարիմ ընտրողների մի մասին, թե՛ այն, որ ընդդիմադիր ուժերը նկատելիորեն ակտիվացել են։

Ղևոնդյանի խոսքով՝ հասարակության մեջ «հետաքրքիր և լուռ կոնսենսուս» է ձևավորվել, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլին ընտրելը անձնական վիրավորանք է։ Սա հիշեցնում է Գյումրիի ժամանակները, երբ օրակարգ դարձավ «Դոգ ընտրելն անձնական վիրավորանք է» թեզը․ այսօր շատ դժվար է գտնել ադեկվատ մարդկանց, ովքեր բաց տեքստով կասեն՝ «այո, ես գնալու եմ և Նիկոլի կողմը քվեարկեմ»։ Միևնույն ժամանակ, նա ունի կայուն ընտրազանգված՝ մոտ 21–24 տոկոս, որը ապրում է «նախկինների» դևայնացման, ընդդիմադիր առաջնորդների վարկաբեկման և «ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր» քարոզչական վահանի ներքո։

Նրա նախկին աջակիցներից շատերը, որոնք ժամանակի ընթացքում հեռացել են Փաշինյանից, դեռ ամբողջությամբ չեն ինտեգրվել այլ ընդդիմադիր շրջանակներում և մի մասով մնում են անորոշության մեջ, իսկ մի մասն էլ գուցե ընդհանրապես ընտրության չգնա, ինչը, ըստ փորձագետի, չափազանց վտանգավոր է․ իրական փոփոխություն հնարավոր կլինի միայն բարձր մասնակցության և ընտրությունների ու փողոցային պայքարի համադրությամբ, քանի որ միայն քվեարկության միջոցով Հայաստանում իշխանություն չի փոխվելու։

Ղևոնդյանը նաև հիշեցնում է սոցիալական պոպուլիզմի և իրականության միջև առաջացած կտրուկ հակասությունը․ պարգևավճարների սկանդալները, «թոշակառուները չգիտեն՝ ինչպես ծախսել 10 հազար դրամը» տիպի արտահայտությունները, թիմակիցների վարքագծի աղաղակող դրսևորումները մարդկանց աչքում ամրացրել են այն զգացողությունը, որ իշխող ռեժիմը մի մեծ սուտ է։ Եվ հենց ստի գործոնը, ըստ նրա, դարձնում է լեգիտիմ և անհրաժեշտ մոտեցումը՝ «պետք է մերժել այս իշխանությանը»։ Միևնույն ժամանակ Փաշինյանի հաստատուն ընտրազանգվածում են և այն բիզնես շրջանակները, որոնք այս տարիներին հարստացել են ու գիտակցում են, որ օրենքի կիրառման պարագայում խնդիրներ են ունենալու, և ուժային համակարգի այն հեղինակությունները, որոնք կատարել են կոնկրետ գործողություններ սեփական ժողովրդի դեմ և հիմա պարտավոր են պաշտպանել գործող ռեժիմը, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից։

Այս խմբերից շատերն իրականում անկայուն են․ այսօր նրանք մարզային այցերի ժամանակ լուսանկարվում են Փաշինյանի կողքին, իսկ վաղը պատրաստ են նույն եռանդով նրան հայհոյել և մեկ օրում «դառնալ ընդդիմադիր»՝ ինչպես եղավ 2018-ին, երբ նախորդ իշխանության «տասովշիկները» զանգվածաբար դարձան նիկոլական։ Սակայն այսօր նման դիմակափոխության գինը շատ ավելի բարձր է. Արցախը հանձնելու և այլ որոշումների համար նրանք ստիպված կլինեն հաշվետու լինել հասարակության առաջ։