Հայաստանում տիրող վախի մթնոլորտում, երբ մարդկանց աշխատանքից ազատում են նույնիսկ Facebook-ում լայք դնելու կամ այլ կարծիք արտահայտելու համար, խոսել որևէ իրական օբյեկտիվ հարցման մասին պարզապես լուրջ չէ։ Այդ մասին մարտի 6-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքներին։
Նրա խոսքով՝ հասարակության մեծ մասը պարզապես խուսափում է պատասխանել ընտրությունների և քաղաքական նախասիրությունների վերաբերյալ հարցերին, ինչի պատճառով ստացվող թվերը չեն արտացոլում իրական տրամադրությունները։ «Մենք ունենք մեր կատարած հարցումների արդյունքները, որոնք, հատկապես ընդդիմության ընդհանուր դաշտի համար, բավական խրախուսական են»,– նշել է պատգամավորը։ Դանիելյանի գնահատմամբ՝ ըստ այդ տվյալների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանությունը վերականգնելու շանս գործնականում չունի, քանի որ նրա բացասական վարկանիշը առավելագույն մակարդակի վրա է։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ քաղաքական դաշտում արդեն ձևավորվել են մի քանի ընդդիմադիր բևեռներ, որոնք միասին վերցրած զգալիորեն ավելի մեծ ներուժ և ռեսուրս ունեն, քան գործող իշխանությունը, և սա երևում է նույնիսկ հրապարակվող հետազոտություններից։ Նրա խոսքով՝ թե՛ իրենց ունեցած հարցումները, թե՛ քաղաքացիների հետ առերես հանդիպումները վստահորեն ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ ընդդիմությունն այսօր վայելում է շատ ավելի մեծ աջակցություն, քան իշխանությունը, թեև վերջինս օգտագործում է վարչական լծակներ և ճնշումների տարբեր մեթոդներ։ «Մեր քաղաքական ուժի վարկանիշը բավական բարձր է, և սա ազդակ է, որ հասարակությունը պատրաստ է թե՛ մեզ, թե՛ մյուս ընդդիմադիր ուժերին վստահել երկրի ապագան»,– ամփոփել է Դանիելյանը։





























