
Մարտի 5-ին ՀՀ Ազգային ժողովում բուռն սկանդալ ծավալվեց Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խստիվ քննադատության ենթարկեց իշխանություններին՝ հիշեցնելով 2018 թվականի բարձրաձայն խոստումները:
«Այս մարդիկ եկել են 2018 թվականին և խոստացան արմատախիլ անել կոռուպցիան: Հիմա եկեք միասին տեսնենք՝ նրանք արմատախի՞լ են արել կոռուպցիան, թե՞ պարզապես գեղեցիկ փաթեթավորել այն: Այնպես են արել, որ բացահայտելը ավելի դժվար լինի, ավելի աննկատ դառնա ու ավելի համակարգային»,- հայտարարեց Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ կոռուպցիայի դեմ իրական պայքարի փոխարեն «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությունը ստեղծել է մի համակարգ, որտեղ չարաշահումները դարձել են ավելի թաքնված ու համակարգային, սակայն չեն վերացել: Վարդանյանն ընդգծեց, որ ընտրություններից առաջ իշխող կուսակցությունը փորձում է ակտիվություն ձևացնել՝ հրապարակելով կասկածելի նյութեր:
«Այս ամենը խոսում է նախընտրական տենդի մասին: Այս մարդիկ եկել են խոստումով՝ կոռուպցիան արմատախիլ անելու և կոռուպցիոներներին նստեցնելու: Որևէ բան չեն արել: Եկել է ընտրություն, իրենց հարցնում եք՝ “բա էդ ձեր խոստումները ի՞նչ եղան”: 6 ամիս առաջ ոտ ու ձեռ ընկած էսպիսի փնթի գործեր են հրապարակում: Էն կարգի փնթի, որ մեկի գործի մեջ copy-paste կա մեկ այլ մարդու գործից: Հենց էդ կարգի գործերով ուզում են ասեն՝ “մեզ քվե տվեք”»,- վրդովմունք հայտնեց պատգամավորը:Վարդանյանի հայտարարությունը հնչեց որպես «Քաղաքացիական պայմանագրի» յոթնամյա իշխանությանը հասցեագրված մեղադրանք: Ընդդիմությունը կրկին մատնանշեց 2018 թվականի բարձրաձայն խոստումների և կոռուպցիայի դեմ պայքարի նախընտրական իմիտացիայի ողբալի իրականության միջև եղած անդունդը: Իշխանությունը, որը խոստացել էր բանտարկել բոլոր կոռուպցիոներներին, կոռուպցիայի դեմ պայքարը վերածեց նախընտրական ֆարսի և PR-ի:





























