ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 21-ին Աշտարակի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Հայաստանում արդեն սկսում է ձևավորվել նոր քաղաքական դաշտ․ առաջիկա ընտրություններին, ըստ նրա, լինելու են մի քանի խոշոր ընդդիմադիր միավորներ և ընդամենը մեկ իշխանական բլոկ։ Նրա խոսքով՝ այս փուլում բոլոր ուժերը դիրքավորվում են, մշակում ծրագրերը և որոշում, թե ինչպես ներկայանալ ժողովրդի առաջ, և առավել դրականն այն է, որ ընդդիմադիր դաշտում օրակարգ է դարձել խոշոր ընտրական միավորների ձևավորումը, այլ ոչ թե 20–25 փոքր կուսակցությունների առանձին մասնակցությունը։

Քոչարյանի դիտարկմամբ՝ այս գործընթացն արդեն ընթացքի մեջ է, և դա երկու առումով է կարևոր․ նախ՝ թույլ չի տալիս փոշիացնել ընդդիմադիր ընտրողի ձայնը, և երկրորդ՝ հնարավորություն է տալիս 3–4 հստակ ծրագրերով հանդես եկող ընդդիմադիր բլոկներով մտնել լուրջ պայքարի մեջ միակ իշխանական միավորի դեմ, «որն հափշտակել է իշխանությունը և մեզ տանում է մի ուղղությամբ, որը ոչ ոք չի հասկանում՝ ո՞ւր է, իսկ իրենք էլ չեն գիտակցում»։ Նա հավելել է, որ իշխանությանը սատարող կուսակցություններ, որոնք տեսականորեն կարող են հաղթահարել 4 տոկոսանոց շեմը, գրեթե չկան, մինչդեռ ընդդիմադիր դաշտում միավորումների ձևավորման հնարավորություն կա, ինչը պետք է օգտագործել։

Անդրադառնալով իշխանության նախընտրական հնարավոր քարոզչությանը՝ երկրորդ նախագահը նշել է, որ չի նախանձում նրանց կարգավիճակին. «Ի՞նչ պիտի ասեն մարդկանց․ ութ տարի իշխանության գլխին եք, այդ ինչ-որ խոսք եք տալիս, դա պետք է արած լինեիք, ինչու՞ չեք արել»,– ասել է Քոչարյանը։ Նա հիշեցրել է, որ եթե բացենք 2021 թվականի իրենց նախընտրական ծրագիրը, կտեսնենք՝ առնվազն 80 տոկոսով արել են ճիշտ հակառակը, ինչ խոստացել էին, և այդ պատճառով նրանց խոստումները այսօր «գրոշի արժեք չունեն», քանի որ հասարակությունը արդեն փորձ ունի նման իշխանության հետ, որը կարող է ասել մեկ բան և իրականում անել հակառակը։

Քոչարյանի համոզմամբ՝ այս ամենի ֆոնին իշխանության օգտին մնացել է մի վտանգավոր և ստորացուցիչ թեզ՝ «եթե մենք չլինենք, պատերազմ է լինելու»։ Նա հիշեցրել է, որ ընդդիմությունը վաղուց էր կանխատեսում այդ մոտեցումը՝ որպես հիմնական փորձ՝ պատերազմից վախի մթնոլորտ ստեղծելով ձայներ կորզելու համար։ «Եթե մեկը քեզ մեկ անգամ խաբել է՝ ամոթ նրան, եթե երկրորդ անգամ է խաբել՝ ամոթ քեզ․ մեր ժողովուրդը չի թույլ տալու, որ իրեն նույն եղանակով հարյուրերորդ անգամ խաբեն»,– նշել է երկրորդ նախագահը՝ կոչ անելով, որ ընդդիմադիր դաշտը համակարգված աշխատի, իրար դեմ չդառնա և միասնաբար թիրախավորի այն ուժին, որը, ըստ նրա, աղետ է բերել Հայաստանի գլխին։​

Խոսելով քարոզարշավների ժամանակացույցի մասին՝ Քոչարյանը նշել է, որ իշխանությունը քարոզարշավն իրականում սկսել է դեռ մեկ տարի առաջ, ընդդիմադիր այլ ուժեր՝ մոտավորապես նախորդ տարվա աշնան ամիսներից, մինչդեռ ինքը և իր թիմը ակտիվ փուլ են մտել միայն մարտի 16-ից։ Նա ընդգծել է, որ սա չի նշանակվում ուշացում․ իր գնահատմամբ՝ որոշ ուժեր պարզապես շատ շուտ են սկսել, մինչդեռ իրենք այժմ «ամբողջ թափով և հաստատակամ համոզմամբ» մտնում են պայքարի մեջ և վստահ են, որ հաջողության կհասնեն, իսկ այդ հաջողության մեջ լուրջ դեր են տեսնում հենց քաղաքացիների մասնակցության համար։