
Իշխանությանը փողոցում կամ ընտրությունների միջոցով պարտության մատնելու առաջին պայմանը քաղաքական օրակարգում գերակայություն հաստատելն է։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր դաշտի անելիքներին։ Նրա համոզմամբ՝ միայն իշխանության օրակարգն ու գործողությունները քննադատելով հնարավոր չէ վերահսկողություն հաստատել քաղաքական գործընթացների վրա, եթե չկա հստակ նախաձեռնություն։
Աբրահամյանը շեշտել է, որ ՀՀԿ-ն առաջարկում է ոչ թե հերթական հայտարարությունների շարք, այլ կոնկրետ քաղաքական քայլ՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որը, լայն համախմբման դեպքում, կարող է լուծել ինչպես տեսանելի, այնպես էլ խորքային բազմաթիվ խնդիրներ։ Նրա խոսքով՝ այս ճանապարհը նույնքան փողոցային պայքարի, որքան խորհրդարանական գործիքն է և կարող է լրջորեն նպաստել այն բանին, որ հաջորդ ընտրություններում հավաքական ընդդիմությունը իրական հաջողություն գրանցի։
Պատգամավորը հավելել է, որ եթե վերոնշյալ մոտեցումը այս կամ այն ուժը չի կիսում, ապա այն պետք է ոչ թե պարզապես մերժի, այլ ներկայացնի իր տարբերակը՝ այլընտրանքային գործողությունների ծրագիր։ Հակառակ դեպքում, ըստ Աբրահամյանի, իշխանությունը շատ արագ իր օրակարգային և քարոզչական առավելությունը կվերածի քաղաքական դիրքերի ամրապնդման, մինչդեռ ընդդիմադիր դաշտը, ունենալով հանրային մեծ դժգոհություն, կարող է հերթական անգամ չկարողանալ այն վերածել քաղաքական արդյունքի։





























