Մարտի 26-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները աշխատանքային այցով մեկնեցին Սյունիքի մարզ: Առաջին կանգառը Սիսիան քաղաքն էր, որտեղ տեղի ունեցավ կուսակցության անդամների հանդիպումը Սիսիան համայնքի կողմնակիցների հետ:

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը սիսիանցիներին ներկայացրեց կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնտեսական և անվտանգային ծրագրերը, ինչպես նաև բացատրեց, թե ինչու է հաջողակ գործարարը որոշել զբաղվել քաղաքականությամբ:

«Հնարավորություն ունենալով պարզապես հանգիստ կյանք ապրելու՝ Սամվել Կարապետյանը որոշել է հանգիստ կյանք չապրել, մտնել այս պայքարի մեջ և փորձել փոխել իրավիճակը: Եվ նա կփոխի: Ասեք, ո՞ր ուժը կարող է Հայաստանը հանել աղքատությունից: Ո՞վ ունի այն փորձը՝ տասնյակ հազարավոր մարդկանց հետ աշխատելու, իմանալու, թե ինչպես հաղթահարել աղքատությունը: Ոչ ոք չունի նման տնտեսական փորձ», – ընդգծել է Կարապետյանը:

Խոսելով կուսակցության առաջնորդի անցած ճանապարհի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Սամվել Կարապետյանը հաջողության է հասել աշխարհի տարբեր երկրներում. երեք-չորս երկրում նա ունի իր տնտեսական օբյեկտները: Նա իր ներուժը ներդնում է Հայաստանի զարգացման համար և չունի և չի կարող ունենալ այլ շարժառիթ, քան երկրի զարգացումը: Լինելով ֆինանսապես ապահովված՝ նա կդառնա Հայաստանի միակ առաջնորդը, ով իշխանության գալուց հետո ոչ մի բանի կարիք չի ունենա:

Երկու աշխարհ. Փաշինյանի թույլ խաղաղությունը և «Ուժեղ Հայաստանի» ուժեղ խաղաղությունը

Սիսիանից հետո կուսակցության անդամները մեկնեցին Գորիս: Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ գործող իշխանությունն արդեն զիջել է այն ամենը, ինչ հնարավոր էր՝ ընդգծելով թույլ և ուժեղ խաղաղության տարբերությունը:

«Նիկոլ Փաշինյանն արդեն բավարարել է Ադրբեջանի նախագահի բոլոր պահանջները: Այսօր նա հայտարարել է, որ հայկական պահանջատիրությունը չի պաշտպանելու: Գիտե՞ք սա ինչ է նշանակում: Պետականորեն չի պահանջելու Ցեղասպանության ճանաչումը»:

Կարապետյանի խոսքով՝ թույլ խաղաղությունը դա այն է, երբ մենք դուռը բացում ենք թշնամի ազգի ներկայացուցիչների առաջ, բացում ենք դռները Հայաստան նրանց գալու համար: Հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամ ասել է, որ իրենք պետք է գան: Նա ստացել է այն ամենը, ինչ ուզել է, և հիմա նոր պահանջ է հորինում, որպեսզի Հայաստան գան նրանք, ովքեր երբեք չեն ապրել Գորիսում: Որպեսզի իրենց սերմերը ցանեն Հայաստանում: Սա թույլ խաղաղությունն է:

«Ուժեղ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, ինչին մենք ձգտում ենք՝ խոսել հարևանների հետ որպես հավասարներ: Երկրին պետք է ուժեղ առաջնորդ, որն ունի կապեր: Կան երկրներ, որտեղ որոշումները կայացվում են համակարգում տարբեր մարդկանց կողմից, որոնց հետ պետք է բանակցել: Հայաստանի վարչապետը չունի այդ ռեսուրսները: Դրաք հնարավոր չէ ձեռք բերել պարզապես գրառում գրելով: Հայաստանից դուրս նա անտեսանելի է, չունի քաղաքական կշիռ և չի կարող մեր երկրին ապահովել ուժեղ խաղաղություն», – հայտարարել է Նարեկ Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում կուսակցության անդամները գորիսեցիներին ներկայացրել են կուսակցության տնտեսական և անվտանգային ծրագրերը, պատասխանել մասնակիցների հարցերին, տեղի է ունեցել մտքերի և կարծիքների փոխանակում Հայաստանի առջև ծառացած այլ մարտահրավերների մասին:

Կուսակցության անդամների աշխատանքային այցը Սյունիք շարունակվում է: