
Վերջին օրերին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է կառավարության հնգամյա ծրագրի 2025 թվականի կատարողականը, և տարբեր գերատեսչությունների ղեկավարներ հերթով գալիս են խորհրդարան՝ հաշվետվություն ներկայացնելու։ Բայց հատկապես ԱԳՆ գործունեության քննարկումը, ի հակադրություն ՔՊ-ի շարունակական քարոզչությանը «հաջող արտաքին քաղաքականության» և «անշրջելի խաղաղության» մասին, անցել է գրեթե ամբողջական բոյկոտի մթնոլորտում՝ հենց ՔՊ-ական պատգամավորների կողմից։
Թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր գլխավոր թեզն է դարձրել, թե իբր աննախադեպ հաջող արտաքին քաղաքականություն է վարում և ապահովել է կայուն ու անշրջելի խաղաղություն, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հաշվետվությանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մասնակցել է ընդամենը երեք ՔՊ-ական պատգամավոր։ Նախկինում նման քննարկումներին հաճախում էին անգամ այն պատգամավորները, որոնք հանձնաժողովի անդամ չէին, իսկ հիմա պարզվում է, որ սեփական նախարարին կանգնեցրել են գրեթե դատարկ դահլիճի առաջ։
Կարելի է ենթադրել, որ այս կերպ փորձում են ցույց տալ, թե «խաղաղության կնքահայրն» Արարատ Միրզոյանը չէ, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանը, սակայն փաստը մնում է փաստ, որ Միրզոյանը ստիպված է եղել սպասել, մինչև դահլիճում կհավաքվի նվազագույն թվով պատգամավորներ, որպեսզի ապահովվի քվորում և նիստը ընդհանրապես սկսվի։ Նիստը վարող Մարիա Կարապետյանը, ըստ լրագրողների, սկզբում ցանկացել է նիստը սկսել առանց քվորումի, սակայն գործընկերների դիտողությունից հետո ստիպված է եղել սպասել, ինչը հստակ ցուցադրում է, թե ինչ մակարդակի է հասել կարգապահությունը և օրենքի հանդեպ վերաբերմունքը ՔՊ-ի ներսում։
Ավելի խոսուն էր Եվրաինտեգրման հանձնաժողովի նիստում ստեղծված իրավիճակը, որտեղ նախագահ Արման Եղոյանը նիստը սկսել է առանց քվորումի․ սրահում կային միայն ինքը, Սոնա Ղազարյանը և ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Միայն նիստը սկսելուց հետո քննարկմանն ուշացումով միացել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Գևորգյանը և ՔՊ-ական Տաթևիկ Գասպարյանը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, թե որքան ցուցադրական կերպով է իշխող ուժը վերաբերվում կանոնների պահպանությանը և սեփական հանձնաժողովների աշխատանքին։
Արդյունքում՝ այն քաղաքական ուժը, որը տարիներ շարունակ հասարակությանը դաս է տվել «ժողովրդավարության» և «խորհրդարանական կառավարման» մասին, գործնականում բոյկոտում է սեփական արտաքին գործերի նախարարին, անտեսում ԱԺ կանոնակարգը և խորհրդարանը վերածում է դատարկ ձևականության՝ զուրկ իրական քաղաքական քննարկումներից։













































