
«Արցախցիների բռնագաղթից հետո մեր ոչ նյութական եւ նյութական մշակութային ժառանգությունը գտնվում է կործանման վտանգի առաջ, Ադրբեջանն այսօր այդ հարցում հատել է բոլոր կարմիր գծերը, ոչ մի միջազգային կոնվենցիա այլեւս իրեն չի հետաքրքրում»,- «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով ժամանակ ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ, Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ առաջին հերթին հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի կողմից յուրացվում է, դա նոր չէ, այդ գործընթացի սկիզբը դրվել է դեռեւս 1920-30-ական թվականներին։ Եվ ադրբեջանական ժողովրդի ծագման, այսպես կոչված, աղվանական կոնցեպտը հիմնականում հիմնված է յուրացման քաղաքականության վրա։
«Հաջորդը դա պարզապես ոչնչացումն է։ Մենք տարբեր տեղեկատվական միջոցներով տեղեկացանք, որ արդեն գոյություն չունեն Շուշիի սուրբ Հովհաննես Մկրտիչ Կանաչ ժամը, Բերձորի սուրբ Համբարձում, Հադրութի շրջանի Մոխրոնես գյուղի սուրբ Սարգիս, Մարիամաձորի սուրբ Աստվածածին եկեղեցիները։ Նաեւ վանդալիզմի հարյուրավոր նյութեր կան, որոնց մասին մենք տեղեկացված ենք։ Օրինակ՝ Ստեփանակերտի սուրբ Աստվածածին եկեղեցում տարբեր թափառող կենդանիներ են եղել։ Մյուսը դա ամբողջական բնակավայրերի ոչնչացումն է, այսինքն՝ մեզ զրկում են մեր պատմական լանդշաֆտից, որը մեր ինքնության կարեւորագույն պայմաններից մեկն է»,- ասաց նա։
Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ հայերն Արցախում թողել են 5658 հուշարձան, որից 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2835 խաչքար, 400 գերեզմանոց։ «Այսինքն՝ մեր ժողովրդի մշակութային ժառանգության մի ստվար հատվածն այսօր բռնազավթված է թշնամու կողմից»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ոչ նյութական մշակութային ժառանգությանը, որի հիմնական կրողը մարդն է՝ Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց․ «Այսօր, կտրվելով մեր պատմական լանդշաֆտից, արցախցին չի կարողանում յուրացնել այն մշակութային առանձնահատկությունները, որոնք ունեցել է իր հայրենիքում։ Եվ այսօր թիվ մեկ խնդիրն արցախցիների արտագաղթն է եւ նրանց ցրված ապրելը ՀՀ տարածքում։ Եթե ցանկանում ենք արցախցիների ինքնությունը պահպանվի, թիվ մեկ խնդիրը համայնքի միասնական բնակեցումն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ նշեց, որ Ադրբեջանը մինչեւ հիմա չի հայտարարում՝ ազգայնացրե՞լ է հայերի թողած գույքը, թե՞ ոչ, որովհետեւ իրենք գիտեն՝ հենց այդ օրենքը հրապարակվեց, այդ պահից այն լեգիտիմ չէ։ «Իրենք իրավունք չունեն ազգայնացնել մի գույք, որը չի պատկանում պետությանը, այլ պատկանում է մասնավորին։ Բայց քանի որ մենք տեսնում ենք, որ այդ գույքը տալիս են ադրբեջանցիներին, նշանակում է՝ սկզբից ազգայնացրել են, հետո տվել են մասնավորին։ Մասշտաբային առումով ամենակարեւորը գույքն է, 120 հազար այնտեղ թողել են գույք, ինչպես Հյուսիսային Կիպրոսում 230 հույներ մի քանի օրվա մեջ թողեցին իրենք գույքը, բայց 45 տարի հետո Թուրքիան համաձայնեց փոխհատուցել։ Ադրբեջանն իր աչքի առաջ ունի այս օրինակը եւ գիտի, որ վաղ թե ուշ կամ պիտի փոխհատուցի ամբողջությամբ, նկատի ունեմ նաեւ բարոյական վնասը, ոչ միայն նյութական, էլ չեմ ասում, որ պետք է թույլ տա, որ որոշ մարդիկ վերադառնան ու ապրեն Արցախում։ Գույք ասելով՝ մենք պետք է հասկանանք եւ անշարժ, եւ շարժական գույքը, եւ մասնավոր կազմակերպությունների, եւ ֆիզիկական անձանց գույքը, եւ հանրային գույքը։ Եվ պետք է հասկանալ չորս տեսակի գույք՝ գույք, որը կանգուն է, թալանված չէ, գույք, որը թալանված է, գույք, որտեղ արդեն պահվում են ադրբեջանցիներ եւ գույք, որը հիմնովին ավերվել է»,- ասաց նա։
Արա Ղազարյանն ասաց, որ իրավաբաններին այսօր մեկ հարց է հետաքրքրում՝ ժամանակը հոսում է, պետք է հասցնել հնարավորինս շատ արցախցիների անունից դիմումներ ներկայացնել միջազգային ատյաններ, որպեսզի գոնե ֆիքսվի նրանց իրավունքը։ «Մենք աշխատանք ենք տանում գույքային իրավունքների մասով, որովհետեւ ինձ թվում է՝ ապագայում՝ 10-20 տարի հետո գնալով ավելի ու ավելի սրությամբ Ադրբեջանի առջեւ կանգնելու է ոչ միայն հարցը, թե ո՞ւր են հայերը, այլ նաեւ՝ բա էդ գույքը ի՞նչ եղավ։ Ադրբեջանը իրավաբանորեն չի կարողանալու տալ սպառիչ պատասխաններ։ Հետեւաբար, հենց գույքային իրավունքի ուղղությամբ պետք է երկարատեւ աշխատանք տանենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:















































































































































































































































































