«Առաջնահերթ է Բաքվի բանտերում գտնվող գերիների եւ քաղբանտարկյալների ազատ արձակումը, զուգահեռաբար անհետ կորածների եւ բռնի անհետացածների ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերի գործադրումը»,- «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նա անդրադարձավ Բաքվում ընթացող շինծու դատավարություններին․ «Մեզ արդեն հայտնի է, թե ինչպիսի ծանր պատժատեսակներ են սպառնում այդ գործերով անցնող 16 անձանց։ Եվ նաեւ արդեն իսկ տեղեկացված ենք, թե նրանց նկատմամբ ինչպիսի պատիժներ են նշանակվել։ Ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցի ընթացքում մենք շարունակաբար ստանում ենք տագնապալի տեղեկատվություն, որ այս անձինք ենթարկվում են խոշտանգումների, եւ Բաքվի բանտերում երկարատեւ անազատության մեջ մնալն առաջ է բերել ոչ միայն հոգեբանական, այլ նաեւ ֆիզիկական լուրջ հետեւանքներ։ Երեկ նաեւ մամուլում լայն տարածում ստացավ ։ Նրա նկատմամբ շարունակական բռնությունը հանգեցրել է ընդհուպ հաշմանդամության»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ Բաքվի բանտերում հայ գերիները զրկված են նաեւ պատշաճ սննդից, նրանց միայն հաց ու թեյ է տրամադրվում, դեղորայք ու բուժօգնություն չի տրամադրվում։

Անդրադառնալով բռնի անհետացածների խնդրին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Ադրբեջանական կողմը միակողմանի հրաժարվում է նման հետաքննություն իրականացնել։ Այստեղ կարեւորում ենք միջազգային մեխանիզմները, որոնք քաղաքական կամ իրավական կերպով պարտականություններ են առաջացնում պետության համար՝ հետաքննել միջադեպերը եւ տեղեկատվություն տրամադրել ընտանիքներին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ նաեւ արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի խնդրին։ «Մենք խոսում ենք բռնի տեղահանության մասին, տեղահանությունը տեղի է ունեցել, այն նաեւ շարունակական բնույթ է կրում։ Եվ քանի դեռ միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրավունքը չի ապահովվել, մենք գործ ունենք շարունակական իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործության հետ։ Վերադարձի իրավունքը ենթադրում է կոլեկտիվ ասպեկտ, որքան էլ միջազգային ատյանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքով արձանագրեն, որ բռնի տեղահանվածն իր բնակավայր վերադառնալու, իր գույքից օգտվելու իրավունք ունի, այն փաստացիորեն իրացվելի չէ, եթե միջազգային հարթակում չի ձեւավորվել անվտանգային այնպիսի միջավայր, որի շնորհիվ անձինք կարող են անվտանգ, արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց հայրենիք»

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: