Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման հարցի քննարկումը։ Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին հայտնեց Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը: Նշենք, որ միջնորդությունը մակագրվել էր դատավոր Վարդգես Ստեփանյանին։

Այսօր՝ 15:30-ից, դատարանը քննում էր միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման հարցը: Նախաքննական մարմինը պահանջել էր երկարացնել նրա նկատմամբ կիրառվող տնային կալանքի ժամկետը։

Միջնորդության քննությանը զուգահեռ դատարանի մոտ ակցիա էին իրականացնում Կարապետյանի աջակիցները, նրանցից 3-ը բերման էին ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Դատարանի մոտ կենտրոնացվել էին մեծաթիվ ոստիկանական ուժեր:

Հիշեցնենք՝ Կարապետյանը կալանավորվել էր 2025 թ. հունիսի 18-ին, հետագայում կալանքը մի քանի անգամ երկարաձգվել էր դատարանի որոշմամբ։ Դեկտեմբերի 30-ին դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և կալանքը փոխարինեց տնային կալանքով և գրավով։

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Արփի Հակոբյան