Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը վստահ հաղթանակ տարավ Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային մենամարտում:

+92 կգ քաշայինների պայքարում Չալոյանը մրցեց Տաջիկստանի ներկայացուցիչ Մուհամադ Աբրորիդինովի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով:

Բռնցքամարտի աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը երկրորդ հաղթանակներն են տարել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը(67 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ):

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կլինեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ ), Արթուր Բազեյանը (60 կգ) եւ Վախթանգ Հարությունյանը (75 կգ )։

48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը կփորձի հաղթահարել Թաիլանդի ներկայացուցիչ Թիրապատ Իտանի արգելքը:

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (60 կգ) երկրորդ մենամարտում կհանդիպի Գանան ներկայացնող Եբենզեր Անկրային:

Վախթանգ Հարությունյանը (75 կգ) կմրցի Ուզբեկստանը ներկայացնող Ֆազլիդին Էրկինբոեւի հետ: