Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) եւ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) վստահ հաղթանակներով դուրս եկան Դուբայում անցկացվող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով Հայաստանին եւս երկու բրոնզե մեդալ:
86 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտեց էկվադորցի Մարիո Խավիեր Սուարեսի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով:
Հովհաննիսյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զակի նկատմամբ:
Հովհաննիսյանն ապահովեց իր առաջին մեդալը մեծահասակների աշխարհի առաջնություններում:
2021 թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց ղազախ Նուրլան Սապարբային:
Չալոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Տաջիկստանի ներկայացուցիչ Մուհամադ Աբրորիդինովին:
Դուբայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են ապահովել նաեւ Եվրոպայի փոչեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:




































































































































































































































































































