
Կիբերզեղծարարության զոհ դառնալու հետեւանքով զգալի ֆինանսական կորուստներ կրած քաղաքացիները Քննչական կոմիտեի առջեւ բողոքի ակցիայով պահանջում են կտրուկ ու հստակ քայլեր ձեռնարկել իրենց գումարները հետ ստանալու համար:
Նրանց շահերը ներկայացնող իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը լրատվամիջոցների միջոցով դիմելով այն քաղաքացիներին, որոնք նույնպես գումարներ են կորցրել, սակայն հանցագործության մասին հաղորդում չեն տալիս, ասաց, որ դա հանցագործության կոծկում կամ քողարկում է։
«Այս պահին իմ ձեռքին հանցագործության մասին 93 հաղորդում կա, սպասում ենք, դրանք ավելանալու են եւ այդ ժամանակ մենք դրանք մուտք կանենք ՔԿ։
Քանի դեռ քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվել, քանի դեռ համակարգը պատասխանատվություն չի ստանձնել, մենք գալու ենք մեր ակցիաներով՝ մեր հետ բերելով դիմումների տրցակներ։ Մենք համակարգերը խցանելու ենք դիմումներով, մենք պահանջելու ենք եւ այդ գումարների վերադարձը անպայման պետք է լինի»։
Տեսախցիկների առջեւ խոսեցին նաեւ խաբեության զոհ դարձած տուժողները։
Հասմիկ Մխիթարյան. «Ես տուժել եմ «HelloBit» հարթակից, որտեղ հոկտեմբեր ամսին ներդրել եմ $ 5000։ Բայց չհասցնելով գումարս կանխիկացնել՝ հարթակն արգելափակվել է եւ գումարը կանխիկացնելու հնարավորություն այլեւս չի եղել»,-ասաց նա։ Հասմիկը հարթակի մասին տեղեկացել է ընկերական շրջապատից եւ գումարը կորցնելուց հետո է տեղեկացել, որ դա բավականին ընդլայնված ցանց է եղել՝ պաստառներ, ֆլայերներ, նույնիսկ գրասենյակ է գործել Էջմիածնում։
Հարցին, թե այդքան մեծ գումար ներդնելու որոշում կայացնելուց առաջ ինչո՞ւ չի ստուգել, թե ինչ հարթակ է դա, պատասխանեց Մհեր Կարագյոզյանը. «Եղել են նաեւ չտուժողներ։ Քաղաքացին իրավունք ունի հավատալու պետական մարմիններին, որ քանի որ երկրում կա բացված գրասենյակ, քանի որ բոլորն են տեղյակ այդ մասին, հետեւաբար, նաեւ իրենք։ Բաց կայք, բաց հարթակ է եղել։ Քաղաքացին իրավունք ունի վստահելու իր պետությանը, որ եթե սա խարդախ կառույց լինի, ապա այն փակված կլինի կամ կկանխարգելվի այս ամեն ինչը։ Բայց այդ ամեն ինչի նկատմամբ վերահսկողություն չի եղել, ինչը մենք համարում ենք համակարգային ձախողում։ Այո, եղել են նաեւ գումար վաստակողներ, բայց մեր հաշվարկներով եղել է 20 ներդնողից մեկը, որոնց այդ գումարները տրամադրել են շքեղ ռեստորաններում կազմակերպված ճաշկերույթներում»։
Անդրանիկ Գալոյան. «HelloBit-ի մասին տեղեկացել եմ իմ բարեկամներից, որ կա հարթակ, որտեղ կարելի է ներդնել եւ եկամուտ ստանալ։ Գրանցվել եմ այդ հարթակում, որտեղ ինձ ասել են, որ զբաղվում են կրիպտո արժույթի առք ու վաճառքով, որ ամեն ինչ օրինական է եւ թափանցիկ։ Մեզ ուղարկել են անգլերենով գրված ու կնքված ինչ-որ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ամերիկյան ինչ-որ ֆինանսական կոմիտեների հետ պայմանագրեր են կնքել: Դա ինձ հավատ է ներշնչել; Ներդրել եմ մաքուր $ 7000: Սա իմ առաջին ներդրումն էր նման հարթակներում։ Երբ տեսա, որ հարթակը 20 հազար բաժանորդ ունի, մտածեցի, որ ամեն ինչ օրինական կլինի: Բայց այդ պահին չմտածեցի, թե ո՞նց կարող է ամսական 100 տոկոս եկամուտ լինել; Հետո երբ հասկացա, արդեն ուշ էր։
Մեր ակնկալիքն առաջին հերթին այն է, որ կանխեն, որ զեղծարարներն այլեւս Հայաստանում չաշխատեն եւ մարդկանց չգցեն նման իրավիճակների մեջ։ Ակնկալում ենք նաեւ, որ հայտնաբերեն այդ զեղծարարներին ու փոխհատուցեն»։
Իրավապաշտպանը հավելեց, որ դա ՔԿ-ի պարտականությունն է, անկախ նրանից, հեշտ է, թե դժվար։ Քաղաքացիների իրավունքները խախտվել են եւ դա եւս հանդիսանում է եւ պետական պարտավորություն եւ պատասխանատվություն:
Ակցիայի մասնակիցների մեջ կային մարդիկ, որոնք տուժել են այլ հարթակներում։ Նա չբացառեց, որ հնարավոր է՝ այսպիսի ակցիաները դարձնեն ամենօրյա, շրջափակեն ՔԿ-ն կամ փակեն մուտքերը՝ ֆիզիկապես կանգնելով:
Ակցիայի ավարտին Մհեր Կարագյոզյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդումները մուտք արվեցին ՔԿ, որտեղ աշխատակիցը ժամանակ խնդրեց հարցին լուծում տալու համար։ «Ժամանակ կտանք, բայց ժամանակ տալիս ենք սահմանափակ; Ժամանակ տվողը քաղաքացիներն են, իսկ քաղաքացիները ի վերջո համբերություն ունեն։ Ներքին պայմանավորվածություն կա, որ ճնշումները պետք է մեծացնենք եւ մինչու տոները այդ գումարները պետք է վերադարձվեն քաղաքացիներին։ Գնդակը հիմա իրենց դաշտում է, որպեսզի քաղաքացիները վստահեն մեր պետական համակարգին»,-ասաց իրավապաշտպանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:




































































































































































































































































































