Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի մասնագիտական տոնը՝ դեկտեմբերի 20-ը, սկիզբ է առնում դեռևս 1917թ․ դեկտեմբերի 20-ից, երբ ստեղծվեց Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովը:

1920թ․ դեկտեմբերին ստեղծվել է Հայաստանի արտակարգ հանձնաժողովը, որից հետո ծառայությունը կազմակերպվել և իրականացվել է խորհրդային միասնական անվտանգային համակարգում։

2002 թվականի փետրվարի 21-ի կառավարության որոշմամբ դեկտեմբերի 20-ը սահմանվել է որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օր:

Համակարգի ազգությամբ հայ աշխատակիցները մշտապես աչքի են ընկել բարձր հեղինակությամբ ու պրոֆեսիոնալիզմով, ձեռք բերված արդյունքներով նրանցից շատերի աշխատանքները դարձել են ուսուցման օրինակներ։

Տասնյակ տարիներ շարունակ, մինչև 2025թ. հունվարի 8-ը, Հայաստանի անվտանգության համակարգի աշխատակիցները դեկտեմբերի 20-ը մեծ ոգևորությամբ, սիրով նշել են որպես մասնագիտական տոն։

Ձևավորված ավանդույթի համաձայն, հանդիսավոր պայմաններում ի մի են բերվել կատարված աշխատանքները, նախանշվել են անելիքները, խրախուսվել ծառայությունում աչքի ընկած մեր գործընկերները։ Այդ օրն իսկապես տոնական է եղել թե՛ գործող և թե՛ պահեստազորում գտնվող աշխատակիցների համար, ուստի դժվար է գտնել հիմնավոր պատճառ 100-ամյա պատմություն ունեցող դեկտեմբերի 20-ից հրաժարվելու և հունվարի 8-ը որպես մասնագիտական տոն հռչակելու համար։

Այսօր էլ համակարգի նախկին ու ներկա աշխատակիցների զգալի մասը, որպես մասնագիտական տոն, ընդունում և նշում են դեկտեմբերի 20-ը, ուստի շնորհավորում ենք բոլորիս, մաղթում քաջառողջություն, անսպառ էներգիա, հաջողություններ բարդ խնդիրների լուծման գործում, բարգավաճում մեր Հայրենիքին, ընտանիքներին և խաղաղ երկինք գլխավերևում:

Ի նշանավորումն այս տոնի և ի հարգանք այն աշխատակիցների, ովքեր այսօր այլևս մեր շարքերում չեն, այցելել ենք գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի շիրիմին, խոնարհել ծաղիկներ՝ հավատալով, որ մեր Հայրենիքն ունենալու է ժամանակի մարտահրավերներին դիմակայելու ունակ և կուռ անվտանգային համակարգ․․․

ԱԱԾ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: