-ն այսօր պատահականության սկզբունքով այցելել է մայրաքաղաքում գործող երկու տարբեր լցակայաններ և արձանագրել՝ գազով շահագործվող մեքենաները լիցքավորում են առանց գազաբալոնների վկայագրման ստուգման։ Նկատեցինք, որ գազալցակայանի աշխատակիցը վառելիքի լիցքավորման համակարգը մոտեցնում է մեքենային, այն դեպքում, երբ վարորդը դեռ նստած է սրահում։
Վարորդների փորձառությունն այս հարցում շատ տարբեր է․ ոմանք ասում են՝ վկայագրերը ստուգվում են, մյուսները՝ որ նման բան գրեթե երբեք չի արվում։ Վարորդներից մեկն էլ հավաստիացրեց, որ վկայագիր ունի, սակայն միշտ նույն տեղում է լիցքավորում, աշխատակիցները ճանաչում են։
Միայն այս տարի Երևանի կենտրոնում մեքենաների երկու խոշոր պայթյուն եղավ․ առաջինը մայիսին էր, երբ Սարյան փողոցի 2/2 հասցեում գազաբալոններ տեղափոխող մեքենա պայթեց և երկու մարդ տուժեց։ Երկրորդը սեպտեմբերին էր՝ Ամիրյան փողոցում․ մեքենան երթևեկության ընթացքում հանկարծակի սկսեց այրվել և պայթեց։ Երկու դեպքերով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն անորակ վերանորոգելու կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելու հատկանիշներով։
Արդեն ավելի քան 3 տարի՝ 2022-ի օգոստոսից, Հայաստանում արգելված է լիցքավորել այն մեքենաների գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից։ 2023-ի փետրվարից ուժի մեջ է նոր պահանջ՝ առանց ստուգաչափված ու վկայագրված բալոնի մեքենաները չեն կարող անցնել տեխնիկական զննություն։
Թե Հայաստանի ճանապարհներին երթևեկող մեքենաներից քանի՞սն են համապատասխանում օրենքի պահանջին, ոչ ոք չգիտի։ Պարզ չէ նաև, թե հաջորդ պայթյունը որտեղ կարող է լինել ու ինչ հետևանքներով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան















































































































































































































































































