ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նախատոնական օրերին ուժեղացնում է վերահսկողական միջոցառումները՝ ալկոհոլային կեղծ խմիչքների իրացումը կանխելու նպատակով։

Դեկտեմբերի 23-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով Շենգավիթի համայնքային ոստիկանների հետ, Արագածի փողոցում ձերբակալել են 34-ամյա տղամարդու՝ կեղծ ալկոհոլային խմիչքների փոխադրման և իրացման կասկածանքով։

Նրա վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայից հայտնաբերվել է 90 շիշ կեղծ խմիչք, իսկ հետագա միջոցառումների արդյունքում տղամարդու ավտոտնակից առգրավվել է ևս 413 շիշ։

Ըստ նախնական տվյալների՝ նա կեղծ խմիչքներ է իրացրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ալկոհոլային կեղծ խմիչքները լուրջ վտանգ են ներկայացնում առողջության համար և հորդորում է քաղաքացիներին խմիչքներ ձեռք բերել բացառապես օրինական գործունեություն ծավալող առևտրի կետերից։