Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Վլադիմիր Հակոբյանը հավաքագրել է անձնական տվյալներ և սպառնացել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին․ օրերս այսպիսի արձանագրում է արել ՄԻԵԴ-ը և ընդդեմ ՀՀ-ի նոր կայացրել։ Դատարանն արձանագրել է նրա անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտումը։
«Վախեցած էի, տնից դուրս չէի գալիս, մտածում էի՝ հետևիցս կարող են գալ»,- 2014 թվականի տարեսկզբի մի քանի ամիսները Հրայրն այսպես է նկարագրում։
Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվեց, երբ, այսպես ասած, պատահական իրեն ծանոթացրին Վլադիմիր Հակոբյանի հետ։ Վերջինն առաջարկում է երիտասարդին համագործակցել ԱԱԾ-ի հետ։ Առաջարկը հենց ամենասկզբից Հրայրի սրտով չի լինում, սակայն քաղաքավարությանը զոհ գնալով՝ խնդրում է ավելի ուշ պատասխանել։ Հակոբյանը չի էլ մանրամասնում, թե ինչ աշխատանք է նա կատարելու։
Մի քանի օր անց Հրայրն SMS-ով հայտնում է, որ չի ցանկանում ԱԱԾ-ի համար աշխատել։ Հակոբյանը, սակայն, չի հանձնվում, հանդիպում է խնդրում։ Այդ հանդիպմանն արդեն նախկին լրագրողը ձայնագրիչով է գնում։ Ինչպես է ծավալվել հետագա զրույցը․ տարիներ առաջ հրապարակված շուրջ 50 րոպե տևողությամբ ձայնագրության մեջ ուշագրավ դրվագներ կան։ Արդեն հանդիպման ավարտին ԱԱԾ-ականն անթաքույց ակնարկներ է անում վտանգների մասին։
Թեև մինչև վերջ էլ Հրայրի պատասխանն անփոփոխ է մնում, սակայն ասում է՝ դրանից հետո վախի մթնոլորտում է ապրել։ Նրա խոսքով՝ տարբեր պրոֆիլներից սպառնալիքներ է ստացել, ինչից հետո որոշել է հրապարակել ձայնագրությունը և հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։
Դատախազությունը, սակայն, գրավոր պատասխանում է, որ ԱԱԾ աշխատակցին վերագրվող գործողությունները չեն պարունակում քրեական հանցագործության տարրեր։ Այնինչ, պատկերն այլ պետք է լիներ։
Ներպետական ատյաններում պայքարն անարդյունք է լինում, գանգատ է ուղարկում ՄԻԵԴ։ Մինչ այդ, անվտանգության հետ կապված մտահոգությունները շարունակվում են։ ՀՀ-ից հեռանալուց շուրջ 10 տարի անց միայն ՄԻԵԴ-ը բավարարում է դիմումը։ Դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է կողմին վճարել 5000 եվրո։
Ուշագրավ է, որ աղմկահարույց ձայնագրության հրապարակումը չի խանգարել, որ Վլադիմիր Հակոբյանը նշանակվի այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ, իսկ 3 տարի անց՝ նրա խորհրդական։ Այդ պաշտոնը նա թողել է Սարգսյանի հրաժարականին զուգահեռ։
Փաշինյանի իշխանություն գալուց շաբաթներ անց՝ 2018 թվականի մայիսի 31-ին, ԱԱԾ-ից հաստատել էին, որ նա նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, իսկ մեկ օր անց հերքել տեղեկությունը՝ նշելով, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան















































































































































































































































































