Ալավերդի, Լոռու մարզ, 26 նոյեմբերի 2025թ – Ալավերդու վերանորոգված մշակույթի տունն այսօր պաշտոնապես բացեց իր դռները՝ նշանավորելով զգալի ձեռքբերում համայնքի մշակութային կյանքում և համայնքային զարգացման գործում։ Բացման արարողությունը մի հարկի տակ էր հավաքել Եվրոպական միության (ԵՄ), Հայաստանի կառավարության, Շվեդիայի դեսպանատան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), տեղական իշխանությունների ներկայացուցիչներին և համայնքի բնակիչներին։

Վերանորոգումն իրականացվել է Հայաստանի կառավարության, Ալավերդու համայնքապետարանի, ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ/M4EG) ծրագրի, ինչպես նաև Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Համայնքային կայունության ամրապնդումն էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի համագործակցության և համաֆինանսավորման շնորհիվ։

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան Զարգացման համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սառա Օբերգ Հոպերը, և Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Միջոցառումը ներառում էր ժապավենի կտրման արարողություն, շրջայց վերանորոգված համալիրում, Ալավերդու մասին ֆիլմի ցուցադրություն և տեղական ստեղծագործական խմբերի մշակութային կատարումներ։

«Եվրոպական միությունը հպարտ է, որ աջակցում է տեղական զարգացումը և մշակութային վերածնունդը խթանող նախաձեռնություններին։ ԵՄ-ի համար մշակութային տարածքներում ներդրումներ կատարելը նշանակում է ներդրում մարդկանց՝ հատկապես երիտասարդների, տաղանդների և ապագա հնարավորությունների մեջ։ Ալավերդու մշակույթի տան վերափոխումը ցույց է տալիս տեղական իշխանությունների, միջազգային գործընկերների և համայնքի բնակիչների միջև համագործակցության ուժը», – ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Ալավերդու մշակույթի տան վերաբացումը վկայում է գործընկերության և նորարարության զորության մասին՝ համայնքների վերականգնման, ներառական, դիմակայուն քաղաքային տարածքներ ստեղծելու գործում», – ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր դոնորներին ու գործընկերներին՝ տեղական կարողությունների ամրապնդման և Ալավերդու քաղաքային կյանքի վերակենդանացման գործում իրենց նշանակալի ներդրման համար։

«Շվեդիան հանձնառու է աջակցելու Հայաստանում կայուն և ներառական զարգացմանը։ Մշակույթի տան էներգաարդյունավետ վերանորոգումը օրինակ է այն բանի, թե ինչպես կարող ենք կառուցել դիմակայուն համայնքներ և հնարավորություններ ստեղծել բոլորի համար», – ասաց Հայաստանում Շվեդիայի դեսպանատան Զարգացման համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սառա Օբերգ Հոպերը։

«Մշակույթի տան վերաբացումը վկայում է այն ամենի մասին, ինչին կարող ենք հասնել գործընկերության և ընդհանուր տեսլականի շնորհիվ։ Այս տարածքը կրկին կդառնա մեր համայնքի սիրտը՝ մարդկանց միավորելով մշակութային, կրթական և սոցիալական միջոցառումների շուրջ», – ասաց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։

Ալավերդու մշակույթի տունը, որը երկար տարիներ գտնվում էր անգործության մեջ, վերածվել է համերգների, թատերական ներկայացումների, ֆիլմերի ցուցադրությունների, պաշտոնական հանդիպումների և համայնքային միջոցառումների համար նախատեսված կենսունակ վայրի։ Այն նաև կհյուրընկալի Լոռու միջազգային թատերական փառատոնը՝ էլ ավելի ընդլայնելով տարածաշրջանի մշակութային կյանքը։

ՄԱԿի զարգացման ծրագիր