Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցի քննության համար կձևավորվի նոր հանձնախումբ, որը կքննարկի նաև Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

«Նոյեմբերի 24-ին հանձախմբի ատենապետ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանը, հաշվի առնելով առկա հանձնախմբի արդյունավետ աշխատելու դժվարությունները, գրություն է ուղղել Վեհափառ Հայրապետին՝ առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են և համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները»,- ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Կաթողիկոսի կողմից ստեղծվել էր հանձնախումբ՝ «Համացանցում տարածված Գերշ․ Տ․ Արշակ արքեպս․ Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերն ուսումնասիրելու և դրանց առնչությամբ եզրակացություն ներկայացնելու նպատակով»։ Նշվում է, որ նոյեմբերի 25-ին ՔԿ-ի կողմից հանձնախմբի անդամներից մեկին են տրամադրվել հիշյալ փորձաքննության արդյունքները, որոնք հաստատում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։ Դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննությունը հաստատել է՝ աղմկահարույց տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։ Այս մասին ի գրավոր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից:

Նախօրեին եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն է հրապարակվել, որում անդրադարձ է կատարվում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութին։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում դիվանապետը կասկածի տակ էր դրել շրջանառվող գրության վավերականությունը։