Եվրոպայով մեկ պայթուցիկ նյութեր պարունակող ծանրոցներ ուղարկելու գործողության ենթադրյալ կազմակերպիչը թաքնվում է Ադրբեջանում։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով արևմտյան 5 երկրների անվտանգության աշխատակիցներին:

Նա Ռուսաստանի 37-ամյա քաղաքացի Յարոսլավ Միխայլովն է: Լրատվամիջոցի տվյալներով՝ Ռուսաստանը և եվրոպական երկրները ներկայում ձգտում են հասնել նրա արտահանձնմանը, գրում է ։

WP-ի աղբյուրների համաձայն՝ Միխայլովը, անկասկած, կարևոր է Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանի բոլոր խոշոր հետախուզական գործակալությունների՝ ԱԴԾ-ի, Արտաքին հետախուզական ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարներն անմիջականորեն մասնակցել են Ադրբեջանի վրա ճնշում գործադրելուն՝ պահանջելով նրան Ռուսաստան վերադարձնել։

Միևնույն ժամանակ, Լեհաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել Միխայլովի արտահանձնման համար, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի և Լիտվայի իշխանություններն էլ դիմել են Ադրբեջանի իշխանություններին՝ փորձելով կանխել նրա վերադարձը Ռուսաստան։

Բաքուն դեռևս մերժում է ռուս գործակալին արտահանձնելու պահանջները։ Ենթադրվում է, որ Միխայլովը ժամանակի մեծ մասն անցկացրել է անորոշ կարգավիճակում. պաշտոնապես չի կալանավորվել, բայց հսկողության տակ է, նրան արգելվում է լքել երկիրը։

Կասկածներ կան, որ Միխայլովն օգնել է պատրաստել պայթուցիկ սարքերը, ղեկավարել է դրանց ուղարկման գործողությունն ու կեղծ անձնագիր օգտագործել՝ Ադրբեջան փախչելու համար: Լեհաստանի կողմից Ինտերպոլի միջոցով ներկայացված գաղտնի հարցման մեջ նշվում է, որ նա հետախուզվում է «Ռուսաստանի Դաշնության գաղտնի հետախուզական ծառայությունների» հրահանգով իրականացվող «ահաբեկչական» գործողությունների համար: WP-ի աղբյուրներից մեկի համաձայն՝ Միխայլովը «ներկայացնում է ռուս գործակալների նոր սերունդ, որոնք ԳՀՎ-ի կողմից հավաքագրվել են հանցավոր կազմակերպություններից՝ իրենց կապերի և կարողությունների համար»: Ռուսաստանի իրավապահ մարմինները նախկինում նրան մեղադրել են մաքսանենգության մեջ:

Սեպտեմբերին Լիտվան հայտնել էր մի քանի անձանց ձերբակալման մասին, որոնք 2024 թվականի հուլիսին Վիլնյուսից պայթուցիկ նյութեր պարունակող ծանրոցներ էին ուղարկել։ Խմբում ընդգրկված էին Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Ինքնաշեն պայթուցիկ նյութեր և հրկիզող սարքեր պարունակող երկու ծանրոց DHL-ի բեռնատար ինքնաթիռներով ուղարկվել էր Մեծ Բրիտանիա, ևս երկուսը՝ DPD-ի բեռնատարներով՝ Լեհաստան։

Առաջին ծանրոցը պայթել և հրդեհվել էր Լայպցիգի օդանավակայանում՝ նախքան Մեծ Բրիտանիա ուղևորվող ինքնաթիռի մեջ բեռնվելը։ Երկրորդը պայթել է Բիրմինգհեմի պահեստում՝ երկու օր անց։ Երրորդ ծանրոցը պայթել էր Լեհաստանով անցնող DPD բեռնատարում։ Չորրորդ ծանրոցի պայթուցիկ սարքը չի պայթել։ Լիտվան և Լեհաստանը մեղադրում են առնվազն 20 մարդու այս դավադրությանը մասնակցելու մեջ։

Սեպտեմբերին Լիտվայի դատախազությունը հաղորդել էր, որ միջազգային հետախուզում է հայտարարվել երեք անձանց՝ Ռուսաստանի քաղաքացի Յարոսլավ Միխայլովի (նա նաև օգտագործել է ուկրաինական անձնագիր՝ Դանիլ Գրոմովի անվամբ), Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Բաբուրովի և Ռուսաստանի ու Լիտվայի երկքաղաքացի Թոմաս Դովգան Ստաբաչինսկասի նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի