Աննկարագրելի հույզեր եմ ապրել այս օրերին: Անչափ երջանիկ եմ, որ այս կարգավիճակում հասցրեցի իմ հայրենիքում անցկացված առաջնությանը կրակել: Նաեւ երջանիկ եմ, որ մեդալ ունեմ: Չեմ մտածում, որ արծաթե մեդալը պակաս է ոսկուց՝ իմանալով անցած ճանապարհս, թե ինչպես եմ հասել այդ մեդալին:

Այս մասին -ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակի, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը:

Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջատար հրաձիգը 10 մ օդամղիչ ատրճանակ (solo) մրցաձեւի եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում մրցեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունգարացի Վերոնիկա Մայորի հետ: Էլմիրա Կարապետյանը խոցեց 12 միավոր, չեմպիոնի տիտղոսը նվաճած Վերոնիկա Մայորը՝ 15 միավոր: Կարապետյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

Էլմիրա Կարապետյանը Երեւանում անցկացված առաջնությանը մասնակցեց հաճելի կարգավիճակում՝ երկրորդ երեխային սպասելիս:

«Երեւանում Եվրոպայի առաջնությունը երազանք էր ինձ համար, բայց իրականում շատ դժվար եմ պատրաստվել առաջնությանը, հաշվի առնելով կարգավիճակս: Որեւէ մեկը չի կարող պատկերացնել, թե որքան բարդ է եղել ինձ համար մարզումային փուլը, այս ամբողջ պրոցեսը: Շատ ուրախ եմ, որ մեդալ ունեմ: Անչափ ոգեւորված եմ, որ մասնակցեցի իմ հայրենիքում անցկացված առաջնությանը, այսինքն՝ հասցրեցի կրակել: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, բոլորն են ասում այդ մասին: Հույզերս դեռ թարմն են, աննկարագրելի հույզեր եմ ապրել այս օրերին:

Եզրափակիչում լավ կրակեցի: Հստակ կասեմ՝ տան պատերը մեր մարզաձեւում չեն օգնում, ավելի շատ է պատասխանատվության զգացողությունը: Ինձ եզրափակիչում ոչինչ չխանգարեց: Այս պահին չեմ մտածում, որ իմ արծաթե մեդալը պակաս է ոսկուց՝ իմանալով իմ անցած ճանապարհը, թե ես ինչպես եմ հասել այդ մեդալին: Իմ արդյունքից գոհ եմ, ուղղակի մրցակիցս ավելի լավ կրակեց»,- ասաց Էլմիրա Կարապետյանը:

Լուսինե Շահբազյան