Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վաղը կհարցաքննվի Քննչական կոմիտեում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը:

«Այսօրվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահը հեռախոսազանգով հրավիրվել է Քննչական կոմիտե՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով»,- գրել է փաստաբանը։

Թե ինչ կապ ունի Արցախի նախագահը Գալստանյանի և գործով անցնող մյուս ամբաստանյալների, նրանց առաջադրված մեղադրանքի հետ, այս պահին մանրամասներ չկան։

Հիշեցնենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի պատմություն» դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի գործով դատական նիստը։

Նիստի ավարտից հետո Արցախի վերջին նախագահը չցանկացավ խոսել հայցի մասին, փոխարենը, պատասխանելով լրագրողների հարցերին, օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի այցին։ Շահրամանյանը հայտնեց, որ հաջորդ օրը հանդիպել և զրուցել է եպիսկոպոսի հետ և «ստացել հիմնավորումները».

«Ինձ մեկ հարց էր հետաքրքրում՝ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցվա՞ծ էր Վեհափառի հետ. ստացել եմ բացասական պատասխան, և իմ եզրակացությունն արել»,- ասել էր նա։

Անդրադառնալով վերջին ամիսներին Փաշինյան-Մայր աթոռ հեռակա բանավեճերին, հավելել էր.

«Ամենացավալին այն է, որ մենք ականատես ենք գործող իշխանության ու եկեղեցու հակադրությանը: Իմ կարծիքով՝ դա չպետք է հանրայնացվեր, այլ իրականացվեր փակ դռների հետևում՝ պատշաճ ու առանց լայն հասարակությանը ներգրավելու»։

Ռոզա Վարդանյան