Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում բացվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և համալսարանի միջև ստորագրված հուշագրի շրջանակում։ Կենտրոնը կխթանի հայոց լեզվի, գրականության և մշակույթի ուսումնասիրությունը Լեհաստանում՝ միաժամանակ դառնալով հայագիտական հետազոտությունների և միջազգային համագործակցության նոր հարթակ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հայագիտական կենտրոնի աշխատանքն ուղղված է լինելու հայոց լեզվի, գրականության և մշակույթի ոլորտում ակադեմիական գիտելիքների զարգացմանը և տարածմանը: Կենտրոնը կտրամադրի նաև դրամաշնորհներ՝ հայագիտական գիտահետազոտական ծրագրերի իրականացման նպատակով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Լեհաստանում հայագիտական կենտրոնի բացումը կարևոր իրադարձություն է, որը գալիս է լրացնելու պետական բյուջեի միջոցներով աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրներում գործող բուհական և գիտական կառույցների իրականացրած հայագիտական ծրագրերը: Նա կարևորել է կենտրոնի բացումը Լեհաստանում՝ հատկապես հայ համայնքի առկայության, ինչպես նաև Լեհաստանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և զարգացման տեսանկյունից: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ առաջիկայում հենց Պոզնանն է ընտրվել որպես հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովի անցկացման վայր։
Նշենք, որ ի պաշտոնե Մխիթարի Գոշի անվան հայագիտական կենտրոնի խորհրդի անդամներն են Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Պոզնանի համալսարանի միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտորը, Լեհաստանի կառավարության, ազգային և էթնիկ փոքրամասնությունների միացյալ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչը, կենտրոնի տնօրենը»,- ասված է հաղորդագրությունում:














































































