«Une vie d’amour». Շառլ Ազնավուրի շանսոնի շունչը՝ Երևանում

Երևանում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել ֆրանսիացի երգիչ Տիտիանոյի համերգը՝ «Une vie d’amour» խորագրի ներքո։

Երեկոն կայացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, որը ղեկավարում էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դիրիժոր Երվանդ Երզնկյանը։

Համերգային ծրագիրը նվիրված էր ֆրանսիական շանսոնի մեծագույն ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի ստեղծագործական ժառանգությանը:

Տիտիանոյի կատարումներն առանձնանում էին խորը զգացմունքայնությամբ և երաժշտական նրբազգացությամբ: Հատկանշական էր երգչի ձայնային տեմբրի բացառիկ նմանությունը Շառլ Ազնավուրի տեմբրին։

Համերգի ընթացքում բազմաթիվ ներկաներ նշում էին, որ աչքերը փակելիս ստեղծվում էր այնպիսի տպավորություն, կարծես լսում են հենց Ազնավուրի կենդանի կատարումը։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսի համար հաճելի անակնկալ է դարձել նաև այն, որ Տիտիանոն հանդես է եկել հայկական երգի կատարմամբ՝ արժանանալով դահլիճի ջերմ ու հուզական արձագանքին։

Երգիչը բազմիցս ընդգծել է իր խորը հիացմունքը Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական մշակույթի հանդեպ՝ նշելով, որ Ազնավուրի երգերի զգացմունքային խորությունը լիարժեք զգալու համար անհրաժեշտ է լինել հայերի կողքին, շնչել նույն մշակութային միջավայրը և կիսել նույն հոգևոր զգացողությունները։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի սիմֆոնիկ հնչողությունը համերգին հաղորդել էր ամբողջականություն և բարձր գեղարվեստական որակ։ Նվագախմբի և մեներգչի համագործակցությունը աչքի էր ընկնում երաժշտական զգայուն համադրմամբ և պրոֆեսիոնալ բարձր մակարդակով։

«Une vie d’amour» համերգը դարձավ երևանյան նշանակալի մշակութային իրադարձություն՝ ևս մեկ անգամ ընդգծելով Շառլ Ազնավուրի ստեղծագործական ժառանգության անժամանցելիությունը և դրա արժանապատիվ շարունակական ներկայությունը ժամանակակից երաժշտական բեմում։

Համերգը մեծ արձագանք է գտել հանդիսատեսի շրջանում՝ ուղեկցվելով երկարատև ծափահարություններով։