Լեգենդար «Արարատ-73»-ը կրկին վերադարձավ խաղադաշտ՝ այս անգամ կինոէկրանին։ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում երեկ՝ փետրվարի 5-ին, կայացավ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Արարատ-73. Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերան։ Միջոցառմանը ներկա էին ֆիլմի ստեղծագործական թիմը, դերասանները, ինչպես նաև արվեստի ու մշակույթի ներկայացուցիչներ։
Ֆիլմը նվիրված է «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ, Խորհրդային Միության լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանին։ Ըստ սցենարի հեղինակ Վալերի Սահարյանի՝ հենց Նիկիտա Սիմոնյանի պատմությունների հիման վրա էլ գրվել է ֆիլմի սցենարը, սակայն, ցավոք սրտի, նա չհասցրեց դիտել ֆիլմը։ Լեգենդար ֆուտբոլիստը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկան հասակում։
«Արարատ-73» ֆիլմի դրվագներում հեղինակները կարողացել են վերականգնել այն ժամանակների Երևանի մթնոլորտը ու կենցաղը։ Գլխավոր ուղերձը ըստ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ հաղթանակի ցուցադրումն է։
Երեկոյի ամենասպասված հյուրերը «Արարատ» ֆուտբոլային լեգենդար թիմի ողջ մնացած ֆուտբոլիստներն էին՝ Էդուարդ Մարգարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորիկ Մեսրոպյանը և Սերգեյ Պողոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


































































































































































































































































































































































































































































































































