Բանաստեղծությունն արվեստի բազմակողմ դրսևորում է, որը գերազանցում է լեզվի սահմանները. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Պոեզիայի համաշխարհային օրը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել բանաստեղծներին Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ։

-ի հաղորդմամբ՝ նախարարը մեջբերել է բանաստեղծ Հենրիկ Էդոյանի «Պոեզիան փողոցը չէ, այլ փողոցով անցնող մարդը միայնակ՝ ձեռքերը գրպաններում…» տողերն ու ընդգծել, որ Պոեզիայի համաշխարհային օրը առիթ է վերարժևորելու խոսքի բացառիկ ուժը, որը դարեր շարունակ ուղեկցել է մարդկությանը՝ ձևավորելով մեր միտքը և ինքնագիտակցությունը։

«Բանաստեղծությունն արվեստի բազմակողմ դրսևորում է, որը գերազանցում է լեզվի սահմանները՝ ստանալով նոր ձևեր, դառնալով ոչ միայն գրական տեքստ, այլև գոյության ձև, ներքին ճանապարհ, որի միջոցով մարդը փորձում է հասկանալ ինքն իրեն և շրջակա աշխարհը։ Ահա այս և այլ պատճառներով բանաստեղծության ընթերցումը բավական բարդ է և միաժամանակ հաճելի, որովհետև պահանջում է կենտրոնացում, ներհայեցում, մեզ կանգնեցնում է մեր մտքերի և զգացումների առջև՝ ստիպելով վերաիմաստավորել ամեն ինչ»,-նշել է Անդրեասյանը։

Նա ընդգծել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակաբար կարևորում է գրականության և հատկապես պոեզիայի զարգացումն ու տարածումը՝ իրականացնելով մի շարք նախագծեր, այդ թվում՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնը, «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագիրը, որոնց շրջանակում աջակցում է հայ ժամանակակից բանաստեղծներին՝ խթանելով ստեղծագործական գործունեությունը, հրատարակված ժողովածուների ներկայացումն ու հանրայնացումը։

«Սիրելի՛ բանաստեղծներ և ընթերցողներ, շնորհավորում ենք բոլորիդ Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ։ Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որը մեզ առաջնորդում է դեպի ներքին ազատություն»,-շեշտել է Ժաննա Անդրեասյանը։

Արարատ Միրզոյանն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան
Առանց մշակույթի չկա կրթություն. Թատրոնի միջազգային օրվա առթիվ Հայաստանում մեկնարկում է  «Թատերական շաբաթ»-ը
Փաշինյանը ԼՂ-ից բռնի տեղահանված կնոջը հրավիրում է Կառավարություն՝ նրանից պաշտոնապես ներողություն խնդրելու
Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի նախագահները
Հայաստանում նախադպրոցական ծառայությունից զուրկ բնակավայրերի թիվը նվազել է մինչև 8,6 տոկոս․ ԿԳՄՍ նախարար