Երեխայի վաղ աղիքային միկրոբիոմի կազմը կարող է կանխատեսել միջին մանկության շրջանում անհանգստության և դեպրեսիայի ախտանիշների զարգացման հավանականությունը: Այս եզրակացությանն են հանգել UCLA Health-ի հետազոտողները: Ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Communications (NatCom) ամսագրում:
Գիտնականները պարզել են, որ այն երեխաները, որոնց աղիքային միկրոբիոմը երկու տարեկանում պարունակում էր ավելի շատ Clostridiales կարգի և Lachnospiraceae ընտանիքի մանրէներ, յոթ տարեկանում ավելի հակված էին անհանգստություն, դեպրեսիվ տրամադրություն և բարձրացված զգայունություն ցուցաբերելուն:
Ըստ ուսումնասիրության գլխավոր հեղինակ, հոգեբանության պրոֆեսոր Բրիջիթ Քալահանի, վաղ միկրոբիոմի կազմի և երեխայի հուզական վիճակի միջև կապը միջնորդվում է հույզերի համար պատասխանատու նեյրոնային ցանցերի ակտիվությամբ:
«Մեր արդյունքները ենթադրում են, որ վաղ մանրէային օրինաչափությունները կարող են ազդել հուզական կարգավորման հետ կապված ուղեղի շղթաների ձևավորման վրա: Սա կարող է բացատրել, թե ինչու են որոշ երեխաներ ավելի հակված անհանգստության և դեպրեսիայի դպրոցական տարիքում», – բացատրեց Քալահանը:
Հետազոտողները վերլուծել են GUSTO (Growing Up in Singapore Towards Healthy Outcomes) երկայնական նախագծի տվյալները, որը հետևում է Սինգապուրում ապրող երեխաներին: Երկու տարեկանում 55 մասնակիցներից վերցվել են կղանքի նմուշներ, վեց տարեկանում կատարվել է ուղեղի ՄՌՏ հետազոտություն, իսկ յոթուկես տարեկանում ծնողների կողմից անցկացվել են հարցումներ նրանց երեխաների հոգեէմոցիոնալ վիճակի վերաբերյալ։
Համակցված վերլուծությունը ցույց է տվել, որ որոշակի մանրէային խմբեր կապված են հույզերի մշակմանը մասնակցող ուղեղի շրջանների միջև հաղորդակցության փոփոխության հետ։ Ֆունկցիոնալ ուղեղի կապի այս տարբերությունները կապված են եղել անհանգստության և դեպրեսիվ ախտանիշների ռիսկի բարձրացման հետ։
Նմանատիպ մանրէային խմբեր՝ Clostridiales և Lachnospiraceae, նախկինում կապված են եղել մեծահասակների մոտ սթրեսի և դեպրեսիայի, ինչպես նաև վաղ հոգեբանական տառապանքի հետևանքների հետ։ Քալահանի խոսքով՝ այս մանրէների որոշ անդամներ կարող են հատկապես զգայուն լինել սթրեսային գործոնների նկատմամբ, ինչը դրանք դարձնում է հոգեկան խանգարումների ռիսկի պոտենցիալ բիոմարկեր։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


































































































































































































































































