Երևան-Լայպցիգ մշակութային տարին կմեկնարկի Zu Gast in Leipzig: International Print Biennale Yerevan ցուցահանդեսով

Zu Gast in Leipzig: International Print Biennale Yerevan լայնածավալ ցուցահանդեսի մեկնարկով մարտի 5-ին կազդարարվի Երևան-Լայպցիգ մշակութային տարվա բացումը: Լայպցիգի պատմական Spinnerei արվեստի համալիրում՝ Untergeschoß 14 ցուցասրահում, կներկայացվի Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հավաքածուի ընտրանին։

-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» արդի արվեստի կենտրոնի, ինչպես նաև Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեի, Լայպցիգի քաղաքապետարանի և Լայպցիգի ֆոտոգրքի փառատոնի կազմկոմիտեի համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրը՝ «ՀայԱրտ»-ի նոր ռազմավարության համատեքստում արդեն երկրորդ ներկայությունն է արվեստի միջազգային հարթակում։

Սրանով կենտրոնն առաջին անգամ իր հավաքածուն է ներկայացնում Հայաստանի սահմաններից դուրս՝ փորագրանկարչության ավանդույթներով հարուստ գերմանական Լայպցիգ քաղաքում։

Ցուցահանդեսը ներկայացնում է Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հավաքածուն՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների ժամանակակից տպագրության արժեքավոր նմուշներ: Մասնավորապես, կցուցադրվեն տպագրության ավելի քան 150 աշխատանքներ, որոնք ստեղծվել են բազմազան տեխնիկայով և որոնցում ներկայացված են 25-ից ավելի երկրների, այդ թվում՝ Հայաստանի արվեստագետների աշխատանքներ:

Նախաձեռնության նպատակն է ամրապնդել և ընդլայնել հայ-գերմանական միջմշակութային երկխոսությունը, ներկայացնել ժամանակակից հայկական արվեստը միջազգային հարթակում և ստեղծել նոր հնարավորություններ արվեստագետների և մշակութային հաստատությունների միջև համագործակցության համար։

«Այս ցուցադրությամբ Հայաստանը ներառվում է գեղարվեստական տպագրության միջազգային համայնքի մեջ, քանի որ գերմանական Լայպցիգ քաղաքը հանդիսանում է գեղարվեստական տպագրության դարավոր ավանդույթների կենտրոն։ Ցուցահանդեսով կարևորվում են թե՛ նրանց դարավոր ավանդույթները, և թե՛ հարթակ է տրամադրվում մեր երկրի երիտասարդ արվեստագետներին, որոնք Լայպցիգում աշխարհի հետ խոսելու են գեղարվեստական տպագրության լեզվով»,– նշել է բիենալեի հիմնադիր, «ՀայԱրտ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը։

Երևան-Լայպցիգ մշակութային տարվա շրջանակում մի շարք ծրագրեր են նախանշված, որոնք իրականացվելու են Երևանում և Լայպցիգում։

Կանանց տոների առթիվ Պատմության թանգարանում բացվել է «Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» ցուցադրությունը
Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» հայտնվել է կորեական կինովարձույթի լավագույն տասնյակում