«Թէատրոն» միջազգային փառատոնը Հայաստանը կդարձնի ֆրանկոֆոն արվեստագետների հանդիպման հրաշալի վայր

«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը, որն անցկացվում է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Կապանում, Գորիսում, Գավառում և Երևանում, իր շուրջ է համախմբել լայն ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցների, Հայաստանից ոլորտի մասնագետների և հետաքրքրասեր արվեստասերների։ Փառատոնի ընթացքում անցկացվում են վարպետության դասեր, աշխատարաններ, սպասվում են բացառիկ պարային ներկայացումների ցուցադրություններ և այլ հետաքրքիր նախաձեռնություններ։

-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ փառատոնը մեր մշակութային կյանքի կարևոր ձեռքբերումներից է. այն ոչ միայն ներկայացնում է բարձրարվեստ և բազմազան ծրագրեր, այլև ծառայում է մի մեծ նպատակի՝ զարգացնում է միջմշակութային երկխոսությունն ու խթանում է մշակութային բազմազանությունը, խորացնում է ֆրանկոֆոնիայի արժեքների տարածումն ու ճանաչումը Հայաստանում։

«Երևանը միշտ էլ եղել է մշակույթի և արվեստի քաղաք, և մեր բեմերը բաց են ստեղծագործական մտքի, նորանոր գաղափարների և համարձակ փորձերի համար, ուստի պատահական չէ, որ հյուրընկալում են այսպիսի գեղեցիկ ու նշանակալի նախաձեռնություններ»,-ասաց Հովհաննիսյանն ու ընդգծեց՝ Երևանի քաղաքապետարանը «Թէատրոն» փառատոնի գլխավոր հովանավորն է և փառատոնի անցկացման համար տրամադրել է 20 մլն դրամ։

«Թէատրոն»-ի համահիմնադիր, տնօրեն Սաթէ Խաչատրյանը 2016 թվականից երազել է Հայաստանում անցկացնել ֆրանկոֆոն միջազգային փառատոն, որը կհամախմբի աշխարհի նշանավոր ֆրանկոֆոն արվեստագետներին։ «Մեր տեսլականն ու երազանքն այն է, որ մի օր Հայաստանը դառնա մշակութային հանդիպումների վայր ֆրանկոֆոն արվեստագետների համար, որպեսզի նրանք ամեն տարի միմյանց հրաժեշտ տալիս խոստանան հաջորդ տարի կրկին հանդիպել Հայաստանում։ Հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի, քանի որ մեր նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կլինեն նորանոր համագործակցություններ և հնարավոր կլինի հյուրընկալել ծանրակշիռ արտիստների, իսկ հետագայում մեր արտիստները կկարողանան մեկնել արտերկրի ու մեր գործընկեր երկրների հետ ստեղծել նորանոր համագործակցություններ»,-ասաց Խաչատրյանը։

Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել ֆրանսիացի հանրահայտ պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։

«Թէատրոն»-ի երևանյան բացմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, արվեստասերները հնարավորություն կունենան դիտել Մուրադ Մերզուկիի «Պիկսել» պարային ներկայացումը։ Նոյեմբերի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում հնարավոր կլինի վայելել Յոան Բուրժուայի «Կախման կետին մոտենալու փորձեր. Մոտեցում 1. Հակադրություն, Մոտեցում 17. Բացում» պերֆորմանսը։ Նույն օրը «Զանգակ» գրատանը տեղի կունենա Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների ժողովածուի շնորհանդեսը։ Նշանակալի իրադարձություններից են նոյեմբերի 3-ին Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում կայանալիք աշխատարանը՝ Մուրադ Մերզուկիի և Կադեր Ատուի մասնակցությամբ և նոյեմբերի 3-ի երեկոյան Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր) Յոան Բուրժուայի «Կախման կետին մոտենալու փորձեր. Մոտեցում 1. Հակադրություն, Մոտեցում 17. Բացում» պերֆորմանսի և Կադեր Ատուի PRELUDE պարային ներկայացման ցուցադրությունները։

Յոան Բուրժուան առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում, երկիր, որի մասին շատ է լսել։ «Մեր արվեստը միայն ներկայացումներ ցուցադրելը չէ, այլև հանդպումը բառի փիլիսոփայական իմաստով, այդ հանդիպումը կայանում է երկրի, մարդկանց հետ։ Մեր արվեստը հնարավորություն է տալիս կապ ստեղծել ու երկխոսել հանդիսատեսի հետ»,-ասաց նա։

Խորեոգրաֆի խոսքով՝ իր պերֆորմանսի հիմքում երկու կարճ պիեսներ են, որոնց շուրջ աշխատել է՝ տարբեր ոլորտներ միախառնելով։ «Իմ ամբողջ աշխատանքը կառուցել եմ այն կարևոր սկզբունքի շուրջ, որն է կախման կետը։ Այդ ամենով սկսել եմ հետաքրքրվել, երբ դեռ երիտասարդ էի ու զբաղվում էի աճպարարությամբ։ Ուզում էի հասկանալ, թե ինչպես է օբյեկտը օդի մեջ մնում, հավասարակշռության պահում։ Դա գոյության գաղափարի փնտրտուքն է»,-պատմեց նա։

Կադեր Ատուն էլ անդրադարձավ իր բեմադրությանը՝ PRELUDE-ին, նշելով, որ Երևանում ներկայացնելու են պիեսի կարճ տարբերակը՝ նախատեսված բացօթյա հարթակի համար։ «Այս ստեղծագործության ելակետը հանդիպումն է հրաշալի կոմպոզիտոր Ռոման Դյուբուայի երաժշտությանը։ Նրա ստեղծագործությունները հետաքրքիր են ու հարուստ։ Երաժշտությունն ինքնին ունի դրամատուրգիական կոնցեպտ՝ սկսում է անհայտից և կամաց-կամաց զարգանում. պարը ուղեկցում է նրան և հակառակը։ Երաժշտությունը մարդուն տանում է հոգևոր ու մտավոր այլ իրականություն, իսկ պարողներն ասես իրենց մարմնով առաջ են տանում այն։ Երբ ներկայացումն ավարտվում է, տպավորություն է, թե հանդիսատեսը բեմում էր, որովհետև շնչակտուր է լինում»,-նկարագրեց Ատուն։

Փառատոնի կազմակերպիչներն են ֆրանսիական «Սաթէ-աթղը» թատերական միությունը և «Արտ-իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Նախագծի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, փառատոնն արժևորում է Երևան-Մարսել, Երևան-Լիոն քույր քաղաքների համագործակցությունը:

Միջոցառումն անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ «Թէատրոն»-ի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։ Կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ։

Հայաստան-Ֆրանսիա մշակութային կապեր. ամփոփվել է «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը
Իսահակյանի ծննդյան 150-ամյակը խորհրդանշական հնարավորություն է վերաիմաստավորելու դասական գրական ժառանգությունը. Ալֆրեդ Քոչարյան