
Խաչատրյանի անվան պատանեկան երկրորդ միջազգային մրցույթը կընդլայնի աշխարհագրությունն ու մասնակցության ձևաչափերը։ Չինաստանի ազգային օպերային թատրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին նշել են մրցույթի նախաձեռնողները՝ ազդարարելով մեկնարկը։
-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել Ազգային օպերային թատրոնի տնօրեն և մրցույթի պատվավոր գեղարվեստական ղեկավար Լյու Յունջինը, Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Չինաստանում ՀՀ դեսպանության մշակութային բաժնի ղեկավար Միսակ Բալայանը, «Ջինսե» միջազգային կրթամշակութային ընկերության ներկայացուցիչները և այլք։
Մրցույթի նպատակն է ոչ միայն բացահայտել երիտասարդ տաղանդներին, այլև ձևավորել միջազգային մշակութային հարթակ, որտեղ բարձր մասնագիտական չափանիշները կհամադրվեն հանրային գեղագիտական կրթության և ժամանակակից հաղորդակցման մեխանիզմների հետ։
Ներկայացվել է նաև մրցույթի առաջիկա հինգ տարվա զարգացման ռազմավարությունը՝ ընդգծելով նախաձեռնության երկարաժամկետ և համակարգված զարգացումը Չինաստանում։
Մրցույթի կարևորագույն նորարարություններից է մասնագիտական ուղղությունների ընդլայնումը․ ջութակ, դաշնամուր և թավջութակ մասնագիտություններին ավելանում են ալտը և կամերային երաժշտությունը, ինչի արդյունքում մրցույթը կընդգրկի հինգ հիմնական ուղղություններ՝ ներկայացնելով լարային, ստեղնաշարային և կամերային արվեստը։ Մասնագիտական ընդլայնմանը զուգընթաց` մրցույթն իրականացնում է նաև աշխարհագրական ընդգրկման նորարարական քայլ։ Երկրորդ մրցույթն առաջին անգամ նախատեսում է առդեմ նախընտրական փուլերի անցկացում տարբեր տարածաշրջաններում։ Տարածաշրջանային նախընտրական փուլերը կկայանան 2026 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին, իսկ լավագույն մասնակիցները ելույթ կունենան Պեկինում՝ նոյեմբերին` մրցույթի եզրափակիչ փուլում։ Այս ձևաչափը զգալիորեն բարձրացնում է մրցույթի միջազգային ներկայացվածությունն ու մրցակցային մակարդակը՝ լիովին մարմնավորելով սահմաններ չունեցող երաժշտական երկխոսության գաղափարը։
Առաջին անգամ մրցույթի շրջանակում կներդրվեն հանրային մասնակցության նոր ձևաչափեր՝ «Առցանց քվեարկություն» և «Հանդիսատեսի մրցանակ» անվանակարգերը։
Միջազգային ճանաչում ունեցող ժյուրիի մասնագիտական գնահատականին զուգահեռ, աշխարհի տարբեր երկրներից հանդիսատեսը հնարավորություն կունենա առցանց հետևել մրցութային ելույթներին և քվեարկել իրենց նախընտրած երիտասարդ երաժիշտների օգտին՝ մրցույթը դարձնելով առավել բաց, մասնակցային և կրթական։
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանի երաժիշտներ։ Մրցույթն իրականացվում է սիրողական ու պրոֆեսիոնալ խմբերի բաժանմամբ՝ հստակ մրցութային փուլերով։ Ժյուրին կկազմավորվի համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարներից, դիրիժորներից և երաժշտական մանկավարժներից, իսկ մրցութային փուլերին կմասնակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Միջոցառումները կուղեկցվեն ուղիղ հեռարձակմամբ։
Մրցույթին զուգահեռ անցկացվող «Խաչատրյան պատանեկան երաժշտական շաբաթ» նախաձեռնությունը նույնպես կներկայանա թարմացված ձևաչափերով՝ ներառելով վարպետության դասեր, կրթական ծրագրեր, համերգներ և նորարարական միջոցառումներ։ 2026 թվականի Խաչատրյանի անվան պատանեկան երկրորդ միջազգային մրցույթը պարզապես մրցույթ չէ, այլ համապարփակ միջազգային մշակութային հարթակ, որը միավորում է մրցակցությունը, կրթությունը, հաղորդակցությունն ու հանրայնացումը՝ ստեղծելով կամուրջ Չինաստանի և համաշխարհային երաժշտական իրականության միջև` բացելով նոր հնարավորություններ երիտասարդ տաղանդների համար։

























































































































































































































































































































































































































































