Հայ արվեստի և մշակույթի երկօրյա համաժողովը՝ կամուրջ Հայաստանի և սփյուռքի միջև

Հայ արվեստի և մշակույթի երկօրյա համաժողովը, որը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 250 հայ արվեստագետի, փորձագետի և ստեղծագործ անհատի աշխարհի տարբեր երկրներից, միտված է Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացմանը։

-ի հաղորդմամբ՝ կազմակերպիչները կարծում են, որ այն կարող է նպաստել հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնմանը, սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը։

Համաժողովի շրջանակում Երևան է ժամանել Շվեդիայում սփյուռքի գործերի հանձնակատար Կարո Հակոբյանը։

Ըստ նրա՝ նման միջոցառումները միմյանց լավ ճանաչելու, կապեր հաստատելու և մտքեր փոխանակելու հրաշալի հնարավորություն են ընձեռում հատկապես մեր ժամանակներում, երբ ամեն բան շատ արագ է փոխվում։

«Խորհրդաժողովի թեմաներից մեկը վերաբերում է մեդիայի նոր հնարավորություններին, թե ինչպես պետք է այդ գործիքները կիրառել մշակույթի մեջ, ինչը նոր մարտահրավեր է։ Մասամբ որպես համակարգչային հմտությունների մասնագետ՝ տեսնում եմ, որ մշակույթը, գրականությունը, մշակութային կրթությունը պետք է համապատասխանեցնել ներկայիս մարտահրավերներին, իսկ նման միջոցառումները նպաստում են արդյունքի հասնելուն»,-նշեց նա։

Անդրադառնալով Շվեդիայում հայի ինքնության պահպանմանը՝ Հակոբյանը շեշտեց, որ Սկանդինավյան երկրների անցուդարձին քաջածանոթ է, քանի որ նաև Եվրոպայի հայերի համագումարի նախագահ է։ Նրա խոսքով՝ մշակույթի գործիչները հիմնականում անջատ են աշխատում, այնինչ կարևոր է, որ համախմբվեն ու աջակցեն միմյանց, ինչը կարող է նպաստել հայկական մշակույթի տարածմանը։

«Շվեդիայում վերջին շրջանում սկսել է զարգացում ապրել թարգմանչական արվեստը։ Տիրապետելով շվեդերենին՝ մարդիկ կարողանում են թե՛ դասական, թե՛ ժամանակակից հայ գրականությունը թարգմանել շվեդերեն։ Երաժշտարվեստի և պարարվեստի ոլորտները ևս ակտիվ են, սակայն, ինչպես արդեն ասացի, առանձին են աշխատում»,-ասաց Հակոբյանը։

Ազգային ինքնության պահպանման գործում նա հատկապես կարևորում է հայերենի իմացությունն ու ափսոսանքով նշում, որ կան հրաշալի հայ երիտասարդներ, որոնք վարժ տիրապետում են շվեդերենին, սակայն հայերեն չգիտեն, հետևաբար որքան էլ ցանկանան լիարժեք հասկանալ հայ մշակույթը, լեզվի չիմացությունը կարող է խոչընդոտ դառնալ։ Կարո Հակոբյանն ընդգծեց, որ շվեդական պետությունը պատրաստ է աջակցել այս կամ այն ազգությանը պահել իր ինքնությունը, մշակույթը, լեզուն։ Այդ նպատակով տրամադրում է դասագրքեր, անգամ՝ գումար, սակայն խմբեր չեն ձևավորվում։

Նա կարծում է՝ այս բացն ինչ-որ չափով կարելի է լրացնել Հայաստանի հետ սերտ շփումներով, ինչի հնարավորությունը տալիս է նաև այս համաժողովը։ «Փոխադարձ կապեր պետք է լինեն, որպեսզի այն հիմքը, որն ունի մեր մշակույթը, պահպանվի։ Եթե մեզ համեմատենք այն ազգերի հետ, որոնք երկար տարիներ պետականություն չեն ունեցել, կարող ենք մեզ շատ բախտավոր համարել, բայց պետք է կարողանալ օգտվել այդ բախտավորությունից»,-շեշտեց Կարո Հակոբյանը։

Հյուրերից է նաև դիզայներ Հրանտ Ջաղինյանը, որը 2024 թվականին Ռումինիա է մեկնել որպես սփյուռքի երիտասարդ դեսպան։

Ըստ նրա՝ Հայ արվեստի և մշակույթի համաժողովի պես միջոցառումները մշակութային դիվանագիտության կարևոր գործիք են։

Ջաղինյանը նույնպես նշեց, որ աշխարհում տարբեր ոլորտներում շատ են հայ բարձրակարգ մասնագետները, սակայն նրանք անհատական են աշխատում և երբեմն դժվարանում են համախմբված, թիմային աշխատել, ուստի ուրախ է, որ նախաձեռնությունը հնարավորություն կտա համագործակցություններ հաստատել տարբեր արվեստագետների հետ։

«Մեր համայնքը փոքր է, բայց հազարամյա է։ Ռումինիայում հայերը հաստատվել են դեռ 10-րդ դարում։ Տարիների ընթացքում հայերն առիթ են ունեցել ռումինական մշակույթին նվիրել հետաքրքիր արվեստագետների։ Ռումինիայում ամենաճանաչված հինգ արվեստագետներից մեկը՝ նկարիչ Թեոդոր Ամանը, ծագումով հայ է։ Ռումինացիները նրան ռումինացի են համարում։ Մեզ համար կարևոր է ինտեգրվել տեղի մշակույթում, իսկ Ռումինիան հնարավորություն տալիս է զարգացնել իր մշակույթը։ Կան շատ հայ գրողներ, թարգմանիչներ։ Գրողներից մեկը Հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանն է, որը հեղինակել է «Շշուկների մատյան»-ը, որն աշխարհով մեկ ճանաչում ունի և անդրադառնում է Հայոց ցեղասպանությունից հետո Ռումինիա գաղթած հայերին, կան նաև դիզայներներ, պոետներ։ Ռումինիայում ջազի աշխարհում ամենաճանաչված հայերից է Հարի Թավիկյանը։ Ավելի վաղ մեծ ճանաչում են վայելել Դեդեյան եղբայրները»,-պատմեց Ջաղինյանն ու հավելեց՝ հայերին Ռումինիայում ճանաչում են որպես նվիրված, ստեղծագործող մարդկանց։

Ռումինիայում ստեղծագործող հայերին մեկ հարթակում համախմբելու նպատակով շուրջ տասը տարի կազմակերպում են Armenian Street Festival-ը։ «Բուխարեստի կենտրոնին շատ մոտ հայկական թաղամասն է։ Փառատոնով ցանկացանք նորացնել, կենդանացնել այդ թաղամասը։ Համախմբում ենք Ռումինիայում ապրող նկարիչների, ռեժիսորների, երգիչների և այլ արվեստագետների։ Ցանկանում ենք ցույց տալ, թե մեր համայնքում որքան շատ են տաղանդավոր արտիստները, և եթե կա մի բնագավառ, որտեղ հնարավոր չի լինում գտնել Ռումինիայում բնակվող հայ արտիստի, Հայաստանից ենք հրավիրում։ Հյուրընկալել ենք «Կարին» անսամբլին, «Լադանիվա» խմբին և այլոց»,-ընդգծեց Հրանտ Ջաղինյանը։

Նա կարծում է՝ փառատոնը նաև թույլ է տալիս Հայաստանը լավագույնս ներկայացնել Ռումինիայում և նպաստել Ռումինիայից Հայաստան զբոսաշրջային հոսքերի շատացմանը, հատկապես, որ դեպի Հայաստան արդեն ուղիղ թռիչք է բացվել։

Երկօրյա համաժողովը, որը նախաձեռնել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհուրդը, հագեցած է բազմոլորտ քննարկումներով տարաբնույթ ձևաչափերում՝ պանելային նիստեր, թեմատիկ աշխատաժողովներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և մի շարք մշակութային միջոցառումներ։

Մշակույթի ոլորտում խրախուսման ամբողջ շղթան դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա. ԿԳՄՍ փոխնախարար
Ֆրիդա Կալոյի ինքնանկարն աճուրդում վաճառվել է նկարչուհիների համար ռեկորդային գնով՝ 55 միլիոն դոլարով