Հայաստանի թանգարանների համար ուսանողները բրենդավորում և վերաբրենդավորում կիրականացնեն

Մշակույթի զարգացման հիմնադրամի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրով նախատեսվում է համագործակցություն Համալսարանի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի և Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» բուհի Դիզայնի դպրոցի համագործակցությամբ։

-ի հաղորդմամբ՝ հուշագրով համալսարանի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի ուսանողները՝ որպես ավարտական աշխատանքի թեմա կիրականացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների բրենդավորումը և վերաբրենդավորումը, հիմնադրամի հետ համատեղ կկազմակերպեն և կանցկացնեն բաց դասեր, սեմինարներ և մասնագիտական քննարկումներ, գիտաժողովներ և ցուցահանդեսներ, ինչպես նաև համալսարանի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի դասախոսները վարպետաց դասեր կանցկացնեն հիմնադրամի դիզայներների համար։

«Այս համագործակցությունը մեզ համար կարևոր քայլ է մշակութային ժառանգության ժամանակակից ներկայացման ուղղությամբ։ Թանգարանների բրենդավորման գործընթացում երիտասարդ մասնագետների ներգրավումը հնարավորություն կտա ձևավորել նոր լեզու՝ համադրելով մշակութային արժեքները, դիզայնը և նորարարական մտածողությունը»,-նշել է Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

««Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին ներգրավել իրական, սոցիալապես կարևոր նախագծերի մեջ։ Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը թույլ է տալիս ուսանողներին աշխատել կենդանի միջավայրում՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի մշակութային հաստատությունների զարգացմանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը»,-նշել է Հայաստանում «Կոմունիկացիոն դիզայն» ծրագրի ղեկավար Իգոր Գուրովիչը։

ՌՀՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Կարեն Մարգարյանը կողմերին մաղթել է արդյունավետ համագործակցություն՝ ի նպաստ ծրագրի զարգացման։ «Ուսումնական ծրագրերի և մշակութային ոլորտի նման խորը համագործակցությունները ձևավորում են այն միջավայրը, որտեղ կրթությունը դառնում է կիրառական, իսկ ստեղծարար միտքը՝ հասարակական արժեք ստեղծող։ Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը կարևոր ազդեցություն կունենա թե՛ ուսանողների մասնագիտական կայացման, թե՛ մշակութային հաստատությունների ժամանակակից զարգացման վրա»,-նշել է նա։

Կառավարությունը 106 մլն դրամ հատկացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համար
Լոնդոնի աճուրդից ձեռք կբերվի 1188 թ․ թվագրվող հայկական եկեղեցու եզակի փայտյա դռան փեղկ
Հայաստանն ու Հունաստանը պաշտպանական խորհրդակցություններ են անցկացրել
Երևանում բացվեց Ֆրանսիական զարգացման գործակալության նոր գրասենյակը