Հայաստանի մերձեցումը արևմտյան երկրների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության (ԵՄ) հետ մարտահրավերներ է ստեղծում Մոսկվայի և Երևանի հարաբերություններում, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Եվրամիությունը թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ։ Կոպիրկինի խոսքով՝ ԵՄ-ն բացահայտ կերպով ազդանշան է տալիս իր գործընկերներին այս քաղաքականությանն աջակցելու անհրաժեշտության մասին։

«Իհարկե, սա նոր մարտահրավերներ է ստեղծում մեր հարաբերություններում և երկու կողմերից էլ պահանջում է շատ ողջամիտ, իմաստուն և հավասարակշռված մոտեցում, ինչպես նաև ռազմավարական հեռատեսություն», – ընդգծել է դիվանագետը։