
Հայաստանում գործող մի շարք մշակութային կառույցներ 2025 թվականին ակտիվ գործունեության և պետական ֆինանսավորման նոր մոդելի շնորհիվ կարողացել են ավելացնել սեփական եկամուտները։
-ի հաղորդմամբ՝ հունվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտեց՝ որևէ կառավարություն այնքան ներդրում չի արել մշակույթի ոլորտում, որքան գործող կառավարությունը։
Նա տեղեկացրեց՝ 2025 թվականին թատերահամերգային կառույցների կապիտալ հատկացումների ցուցանիշը 948 մլն դրամ է։ Գումարը տրամադրվել է ավելի քան տասը հաստատության։ «Խոսում ենք թե՛ նորոգման մասին, թե՛ արդիական սարքավորումների մասին, որոնք գնվում են՝ լուսային, ձայնային, որոնք հնարավորություն են տալիս բոլորովին այլ որակի մշակութային արտադրանք ստանալ, ինչն էլ ունենում է արդյունք»,-ասաց նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ սեփական եկամուտների առումով աճ են գրանցել նաև թանգարանները. 2022-ին թանգարանները 770 մլն դրամ սեփական եկամուտ են ունեցել, իսկ 2025-ին՝ 1 մլրդ 662 մլն դրամի։ Գումարը թանգարաններն աշխատել են հիմնականում այցելությունների միջոցով։
«Այս տենդենցն առավել նկատելի է թատերահամերգային կառույցների պարագայում, որտեղ մենք ֆինանսավորման նոր մոդել ենք ներդրել։ 2022-ին 1 մլրդ 634 մլն դրամ է եղել, իսկ 2025-ին մենք խոսում ենք 4 մլրդ դրամի մասին, որը, կրկնում եմ, մշակութային հաստատությունների սեփական եկամուտներն են։ Պայմանները, որ ստեղծվում են, նպաստում են, որ կառույցները տնտեսական գործունեության ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեն»,-նշեց նա։
Խոսելով ֆինանսավորման նոր մոդելի մասին՝ նախարարը հիշեցրեց, որ այն ենթադրում է հետևյալը՝ մշակութային հաստատության սեփական եկամուտները կրկնապատկվում են պետության կողմից։ «Սա նշանակում է, որ ինչքան մշակութային հաստատությունը կարողանում է աշխատել, պետությունն այդ գումարը կրկնապատկում է։ Դա էապես ավելացրել է այն հաստատությունների բյուջեն, որոնք աշխատում են նոր մոդելով։ Այդ կառույցները կարողացել են էապես բարձրացնել վարձատրությունը»,-ընդգծեց Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հիշեցրեց, որ այդ մոդելով աշխատում են Երևանի օպերային թատրոնը, Ազգային տիկնիկային, Կամերային թատրոնները։ Այս տարի կլինեն հաստատություններ, որոնք կսկսեն աշխատել այդ մոդելով։ Անդրեասյանի համոզմամբ՝ մոդելի շնորհիվ մշակույթը դառնում է տնտեսության մի ճյուղ։
Անդրադառնալով մշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման համար տրամադրված պետական միջոցներին՝ Անդրեասյանն ասաց, որ 2022-ի 216 մլն դրամի համեմատ 2025-ին հատկացվել է 1 մլրդ 386 մլն դրամ։ «Խոսում ենք 23 հուշարձանի մասին, բայց մասնավորի հետ համագործակցությամբ ևս հուշարձաններ են վերականգնվում։ Ընդհանուր առմամբ՝ 48 հուշարձանի մասին է խոսքը»,-նշեց Անդրեասյանն ու հավելեց՝ հուշարձանների մեջ մեծ թիվ են կազմում կրոնական բնույթի հուշարձանները։




























































































































































































































































































































































































































































