Հայկական առաջին հնչյունային ֆիլմի հոբելյանի առթիվ Երևանում բացվեց «Պեպո 90» ցուցադրությունը

Հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Պեպո»-ի ստեղծման 90-ամյակի առթիվ փետրվարի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվեց «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը։

-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը եռակողմ արդյունավետ համագործակցության արդյունք է։ Ցուցահանդեսում ներկայացված են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութեր, որոնք վերաբերում են «Պեպո»-ին։

Փաստագրական ցուցանմուշների կողքին հնարավոր է տեսնել «Տերյան» մշակութային կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» թեմայով ստեղծած յուրահատուկ հանդերձանքների հավաքածուն:

«1934 թվականին, երբ Արամ Խաչատրյանը դեռ ուսանող էր, Համո Բեկնազարյանից ստացավ կարևոր ու պատասխանատու առաջարկ՝ ստեղծել առաջին հայկական հնչյունային լիամետրաժ ֆիլմի երաժշտությունը։ Նա Մոսկվայից միանգամից մեկնում է Հայաստան և չի հասցնում անգամ իր ուսուցչին տեղեկացնել այդ մասին։ Գնացքից նրան նամակ է գրում և ասում, որ որոշ ժամանակով բացակայելու է, սակայն խոստանում է վերադառնալ լավ երաժշտությամբ և մի շիշ հայկական կոնյակով»,-պատմեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահար Արմինե Գրիգորյանը։

Արամ Խաչատրյանն իր խոսքի տերն է եղել։ «Պեպո»-ից հետո կոմպոզիտորը 20-ից ավելի ֆիլմերի երաժշտություն է գրել։ 2013 թվականին Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում:

Ցուցադրությունում ներառվել են Արամ Խաչատրյանի՝ «Պեպո» ֆիլմի համար գրված երաժշտության ձեռագիր նոտաները, որոնք կոմպոզիտորի տուն-թանգարանին է նվիրել Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը։ ԳԱԹ-ի հավաքածուից ներկայացված են փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ցուցանմուշներ։ Հոբելյանի առթիվ կոմպոզիտորի տուն-թանգարանը «Հայաստան» հրատարակչության հետ համատեղ լույս է ընծայել «Պեպոյի երգը» ժողովածուն, որը ևս ցուցադրված է։

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը կարևորեց համատեղ ցուցադրության կազմակերպումը, որը խոսում է միջթանգարանային առողջ փոխհարաբերությունների մասին։ «Երկու կառույցներ, որոնց առաքելությունն է պահպանել, ներկայացնել ազգային մշակութային ժառանգությունը, իսկ «Պեպո»-ն միավորում է գրականությունը, թատրոնը, կինոն, երաժշտությունը։ Մեր թանգարանի բազմաժանր ու հարուստ ֆոնդերը թույլ են տալիս համագործակցել շատ այլ կառույցների հետ և խոստանում ենք, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն»,-նշեց Խոջամիրյանն ու հավելեց, որ «Պեպո»-ի հեղինակ Գաբրիել Սունդուկյանի արխիվային հարուստ հավաքածուն պահվում է ԳԱԹ-ում։ Այն ներառում է ոչ միայն գրավոր ժառանգության նմուշներ, որոնց թվում է «Պեպո»-ի ձեռագիրը, այլև Սունդուկյանի անձնական իրերն ու այլ բացառիկ նմուշներ։