ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է կյանքի կոչել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի վերագործարկման ծրագիրը։ Հանրային քննարկման է ներկայացվել «Հայֆիլմ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու մասին Կառավարության որոշումը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ կինոարդյունաբերական այս բազմաֆունկցիոնալ կառույցը գրեթե մեկ տասնամյակ չի գործում՝ պահպանելով կայուն անկման իրավիճակ:

«Այն գործելու է որպես ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական քաղաքի ձևավորմանը: Համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը»,- գրված է նախագծի հիմնավորման մեջ։

«Հայֆիլմ» փակ բաժնետիրական ընկերությունը 2015 թվականից Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության տակ է։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կոմիտեն պետք է մեկամսյա ժամկետում իրականացնի բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքները։

Հիմնավորման մեջ նաև ընդգծվում է, որ «Հայֆիլմ»-ի բաժնետոմսերը նախարարությանը վերապահելու անհրաժեշտությունը առաջացել է վերջին տարիներին կինոոլորտում միջազգային համագործակցության ակնհայտ աճողականությամբ պայմանավորված։

Նախատեսվում է, որ այս ամենի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիրը՝ ապահովելով ՀՀ
պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը՝ ստեղծելով արդի պահանջներին համապատասխան կինոարդյունաբերական ենթակառուցվածք:

«Հայֆիլմ»-ը հայկական գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիա է, որը հիմնադրվել է 1923 թվականին։ Հայաստանի անկախացումից հետո կինոստուդիայի գործունեությունն էապես նվազել է, իսկ 2005 թվականին այն վաճառվել է մասնավոր ընկերության, որ պարտավորվել էր մեծ ներդրումներ անել, ինչն այդպես էլ չիրականացվեց։

2015 թվականին ստուդիայի 100% բաժնետոմսերը վերադարձան պետությանը, քանի որ մասնավոր ընկերությունը պայմանագրային պարտականությունները չէր կատարում։

Անի Թամրազյան