Հանրահայտ «Պայացներ»-ը վերադառնում է օպերային թատրոն. դասական գործը ժամանակակից շունչ ու հոգի է ստացել

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 27-ին, 28-ին և 29-ին հանդես կգա առաջնախաղերով։

Հայ, վրացի, իտալացի ստեղծագործողների մասնակցությամբ երևանյան բեմ կբարձրանա իտալացի ականավոր կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերան։ Բեմադրությունը վստահվել է Իտալիայի հեղինակավոր «Լա Սկալա» օպերային թատրոնի ռեժիսոր Մարիո Ակամպային։

«Շատերն են ինձ պատմել, թե որքան անհավանական են Երևանի օպերային թատրոնը, այս երկիրը, թե որքան լավ ձայներ կան այնտեղ։ Դա իսկապես այդպես է»,–ի թղթակցի հետ զրույցում նշում է նա։

Ռեժիսորը Երևանի օպերային թատրոնի հետ համագործակցելու առաջարկը ստացել է թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանից։ Մի շարք հետաքրքիր բեմադրությունների հեղինակ է, սակայն «Պայացներ»-ի շուրջ առաջին անգամ է աշխատում։

Կարծում է՝ «Պայացներ»-ը դեռ արդիական է, քանի որ մարդկային բարդ հարաբերություններին վերաբերող թեմաները երբեք չեն հնանում։

«Այս պատմությունը մի կնոջ մասին է, որը ցանկանում է ազատ, անկախ լինել, ընտրել այն տղամարդուն, որին սիրում է, սակայն չի ուզում կորցնել իր աշխատանքը, իսկ Կանիոն՝ նրա ամուսինը, չի կարող ընդունել կնոջ ազատությունը, ինչը բռնության է հանգեցնում»,-ընդգծում է Ակամպան։

Դասական պատմությունը երևանյան բեմում է ժամանակակից մոտեցումներով և լուծումներով։ Ռուջերո Լեոնկավալոն ոչ միայն հոգեթով երաժշտության, այլև լիբրետոյի հեղինակն է։ Ըստ Ակամպայի՝ կոմպոզիտորը կարողացել է սյուժեի ամեն մանրուք հմտորեն ներկայացնել երաժշտության, լիբրետոյի, շարժման միջոցով։

«Ցանկացել եմ ավելի իմաստալից դարձնել այս պատմությունը երիտասարդների համար, որոնք կարող են գալ այս զարմանալի թատրոն: Մենք մեծ պատասխանատվություն ենք կրում մեր երեխաների և ապագա սերունդների առաջ։ Բռնությունները, որոնք նրանք տեսնում են հեռուստատեսությամբ կամ սմարթֆոններով, սարսափելի են: Մեծահասակներս հնարավորություն ունենք դադարեցնել այդ ամենը։ Լեոնկավալոն գրել է այս պատմությունը, քանի որ երիտասարդության տարիներին նման պատմության ականատեսն է եղել։ Պետք է անել հնարավորը, որ մեր երեխաները Կանիոյի չվերածվեն»,-շեշտում է ռեժիսորը։

Ներկայացման գործողությունները զարգանում են 19-րդ դարի Իտալիայում՝ Կալաբրիա մարզի Մոնտալտո փոքրիկ գյուղում։ Կանիոյի, Նեդդայի, Սիլվիոյի և Տոնիոյի ողբերգական պատմությունը գերում է, հուզում։

Կանիոյի դերակատարներից մեկը Թբիլիսիի օպերային թատրոնի մեներգիչ Միխեիլ Շեշաբերիձեն է։ Նա հայաստանյան հանդիսատեսին ծանոթ է «Օթելլո» ներկայացման շնորհիվ։ Խոստովանում է՝ թե՛ վոկալի, թե՛ երաժշտության, թե՛ դերասանական կատարման իմաստով Կանիոյի կերպարը բավականին բարդ է։

«Կանիոն հիասթափված է, վիրավոր է և չի կարողանում հանդուրժել այն, ինչ կատարվել է։ Հանրահայտ Ridi Pagliaccio արիայում նա արտահայտում է այն ցավը, որը կրում է սրտում, սակայն անգամ այդ վիճակում ստիպված է բեմ բարձրանալ և անել հնարավորը, որ հանդիսատեսը ծափահարի»,-ասում է տենորը։

Շեշաբերիձեի կյանքում ևս եղել են հիասթափություններ՝ կորուստ, ընկերների դավաճանություն և այլն, սակայն միշտ բեմ է բարձրացել, երգել, քանի որ կարծում է՝ մարդկանց, որոնք գալիս են օպերային թատրոն բարձր արվեստի հետ հաղորդակցվելու, դա չի հետաքրքրում։

«Կյանքում երեք կամ չորս անգամ է հնարավոր հարյուր տոկոսով հանդես գալ, ուստի ամեն ելույթի ժամանակ պետք է փորձենք լավագույնս ներկայանալ, որ հանդիսատեսը տուն վերադառնա և ասի, թե ինչ հիանալի ներկայացում էր»,-նշում է նա։

Նեդդայի կերպարում բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Ջուլիանա Գրիգորյանն է, որը հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և միշտ սիրով է վերադառնում հայրենիք։

«Ինձ համար մեծ ուրախություն է ելույթ ունենալ իմ մայր թատրոնում և առաջին անգամ հանդես գալ Նեդդայի դերերգով։ Արդեն ավելի լավ եմ իրեն զգում, այդ հակասությունը ընտրության. գնա՞լ դեպի ազատություն, թե՞ մնալ իրեն սովոր միջավայրում, բայց սահմանափակ»,-ընդգծում է Գրիգորյանը։

Երգչուհին նշում է՝ չնայած միջազգային թիմ է հավաքվել ներկայացման շուրջ, սակայն միմյանց հասկանալը հեշտ է, քանի որ խոսում են արվեստի լեզվով։

Օպերային թատրոնում «Պայացներ»-ն առաջին անգամ հատվածաբար բեմադրվել է 1935 թվականին։ Ամբողջական բեմադրությունն իրականացվել է 1937-ին, այնուհետև՝ 1944-ին։ Վերջին անգամ «Պայացները» երևանյան բեմում է եղել երեսուն տարի առաջ։