Ֆրանսիացի հանրահայտ խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, որին Հայաստանում հիշում են «Նռան գույնը» պարային ներկայացմամբ, այս անգամ արվեստասերների դատին հանձնեց «Պիկսել» բեմադրությունը, որով հոկտեմբերի 31-ին Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը։

-ի հաղորդմամբ՝ փառատոնը, որն անցկացվում է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Կապանում, Գորիսում, Գավառում և Երևանում, իր շուրջ է համախմբել լայն ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցների, Հայաստանից ոլորտի մասնագետների և հետաքրքրասեր արվեստասերների։ Փառատոնին կազմակերպվում են վարպետության դասեր, աշխատարաններ, սպասվում են բացառիկ պարային ներկայացումների ցուցադրություններ և այլ հետաքրքիր նախաձեռնություններ։

«Թէատրոն»-ի համահիմնադիր, տնօրեն Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ փառատոնը ծնվել է Հայաստանը ֆրանկոֆոն կարևոր մշակութային խաչմերուկ դարձնելու ցանկությունից: «Նպատակ ունենալով ստեղծել մշակութային հանդիպումների և երկխոսության հարթակ՝ այն միավորում է արվեստի տարբեր ճյուղերը՝ թատրոնը, պարը, երաժշտությունը՝ առանձնահատուկ տեղ հատկացնելով դրամատուրգիային և ստեղծագործական ռեզիդենցիաներին, որոնք կխթանեն նորարարությունը մեր երկրում»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ միանալ «Թէատրոն»-ին, նշանակում է դառնալ կոլեկտիվ ապրումի մասնիկ, որտեղ արվեստը դառնում է հիշողության, նորանոր նախագծերի հարթակ, իսկ Հայաստանը հաստատում է իր դերն ու նշանակությունը միջազգային մշակութային համայնապատկերում:

Բացմանը ներկա էր նաև ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: «Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանում ամեն տարի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով կազմակերպվում են հարյուրավոր միջոցառումներ: Ուրախ եմ, որ ֆրանսերենի և ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների տարածմանը նպաստող նախաձեռնություններ են իրականացվում նաև երկամսյակից դուրս. «Թէատրոն»-ը դրա վառ օրինակներից է»,-ընդգծեց նա:

Կարապետյանը հավաստիացրեց, որ Հայաստանը մեծ եռանդով է պատրաստվում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի հյուրընկալմանը: «Այդ բացառիկ միջոցառումն ամրապնդելու է ֆրանկոֆոն երկրների հետ մեր բարեկամական կապերը և նպաստելու է Հայաստանում ֆրանսերենի տարածմանը՝ հիշեցնելով, որ լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ, այլև կամուրջ, որը միավորում է ազգերին, սերմանում է փոխադարձ հարգանք և բարեկամություն»,-ասաց Դավիթ Կարապետյանը՝ վստահեցնելով, որ այդ գործում իր դերակատարությունն ունի նաև «Թէատրոն»փառատնը:

Հանդիսատեսը շունչը պահած դիտեց «Պիկսել» ազդեցիկ պարային ներկայացումը, որի առաջնախաղը տեղի է ունեցել 2014 թվականին: Այն միահյուսում է հիփ-հոփն ու թվային պրոյեկցիաները: Պարողները շարժվում են փոփոխական տարածքում, որի հատակն ալիքվում է, իսկ վիդեոն դառնում է խաղընկեր. ասես տեսապոեզիա լինի, որն ուղեկցում է Արմանդ Ամարի երաժշտությունը՝ ջնջելով իրականի և երևակայականի սահմանները: Միջազգային մեծ ճանաչում և հաջողություն ունեցող ներկայացումը մեկ տասնամյակից ավելի ցուցադրվում է համաշխարհային բեմերում՝ հաստատելով իր եզակիությունն իբրև ժամանակակից և թվային բացառիկ ստեղծագործություն:

Փառատոնին արվեստասերներին հրաշալի տպավորություններ են սպասվում. նոյեմբերի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում հնարավոր կլինի վայելել Յոան Բուրժուայի «Կախման կետին մոտենալու փորձեր. Մոտեցում 1. Հակադրություն, Մոտեցում 17. Բացում» պերֆորմանսը։ Նույն օրը «Զանգակ» գրատանը տեղի կունենա Նատալի Ֆիլիոնի, Ժընըվի և Դամասիև Աստրիդ Բայիհայի պիեսների ժողովածուի շնորհանդեսը։ Նշանակալի իրադարձություններից են նոյեմբերի 3-ին Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում կայանալիք աշխատարանը՝ Մուրադ Մերզուկիի և Կադեր Ատուի մասնակցությամբ և նոյեմբերի 3-ի երեկոյան Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր) Յոան Բուրժուայի «Կախման կետին մոտենալու փորձեր. Մոտեցում 1. Հակադրություն, Մոտեցում 17. Բացում» պերֆորմանսի և Կադեր Ատուի PRELUDE պարային ներկայացման ցուցադրությունները։

Փառատոնի կազմակերպիչներն են ֆրանսիական «Սաթէ-աթղը» թատերական միությունը և «Արտ-իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Նախագծի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, փառատոնն արժևորում է Երևան-Մարսել, Երևան-Լիոն քույր քաղաքների համագործակցությունը:

Միջոցառումն անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ «Թէատրոն»-ի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։ Կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդել մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ։

Կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն
Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի Արտաշատի հանրապետական թատերական փառատոնը
Վարչապետը հաջորդ կիրակի պատարագի կմասնակցի Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում
Հայաստանում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել