Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հունվարի 24-ին վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպան։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից հիշեցնում են, որ առաջին անգամ մաեստրո Սմբատյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպան է նշանակվել 2023 թվականին և այդ ժամանակվանից ի վեր համագործակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ խթանելու դրական ծնողավարությունը և վաղ մանկական ուսումնառությունը։ 2025 թվականին մաեստրո Սմբատյանն այցելել է Արտաշատի թիվ 4 վերանորոգված մանկապարտեզ՝ իր աջակցությունը հայտնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքներին՝ ուղղված ներառական վաղ ուսումնառության ծառայությունների հասանելիության ընդլայնմանը փախստական և ընդունող համայնքների երեխաների համար։

2024 թվականին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ գործող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կապույտով է լուսավորվել Հայաստանի Ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի շենքը՝ ի նշան Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 35-ամյակի։ Խորհրդանշական արարողությանը հաջորդել է Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի բացման համերգը, որը ևս նվիրված է եղել Երեխաների համաշխարհային օրվան։

Նշանակման արարողությանը հաջորդել է «Սիմֆոնիկ հեքիաթներ» խորագիրը կրող պանելային քննարկում՝ նվիրված դասական երաժշտության կարևորությանը վաղ մանկական զարգացման և նախադպրոցական կրթության մեջ: Քննարկումը վարել է Հանրային հեռուստատեսության «Ծնողական ժողով» հաղորդման վարող Աննա Ավանեսյանը։