
Երևանում փետրվարի 16-21-ը կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը:
«Երևանի քաղաքապետարանի հետ եկել ենք այն մտքին, որ մեզ պրոֆեսիոնալ բասկետբոլային լիգա է պետք: Հայաստան են ժամանելու ուժեղ կազմերով թիմեր` վրացական «Օրբի»-ն, լիբանանյան «Հուպս»-ը, ամերիկյան «Փայլոթ»-ը, ղազախական «Բարսի»-ն, ինչպես նաև կմասնակցեն հայկական «Հատիս», «Ուրարտու» ու «Էրեբունի» ակումբները: Առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում է 7 թիմ»,–ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական լիգայի նախագահ Կարեն Գիլոյանը:
Վերջինիս խոսքով` այս կերպ հայկական ակումբները հնարավորություն կունենան փորձ կուտակել միջազգային խաղերի համար, ինչը հնարավորություն կտա հաջորդիվ առավել խոշոր մրցաշարերի մասնակցել:
«Մեր նպատակն է, որ հասկանանք, թե արդյո՞ք մենք մրցունակ ենք, մրցակցային ենք այլ թիմերի հետ: Եթե լավ հանդես գանք այստեղ, հետագայում կմտածենք՝ մասնակցել միջազգային մրցաշարերի` Չեմպիոնների լիգային կամ եվրոգավաթին»,-ասաց Գիլոյանը, ով նաև հայկական «Ուրարտու» ակումբի նախագահն է:

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանի խոսքով` մայրաքաղաքում վերջին երեք տարիներին անցկացվել են մի շարք մրցաշարեր և հիմա որոշում է կայացվել, որ բասկետբոլի Եվրասիական լիգան կլինի մեծահասակների համար նախատեսված մրցաշար:
«Բասկետբոլ մարզաձևի առավել մասսայականացման համար ֆեդերացիայի հետ համատեղ մանկապարտեզներում անցկացնելու ենք ուսումնական ծրագիր: Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է խաղային մարզաձևերը, այդ թվում նաև բասկետբոլը»,-ասաց նա:

Ըստ Մակվեցյանի` քաղաքապետարանը կարևորում է նմանատիպ միջազգային մրցաշարերի անցկացումը մայրաքաղաքում: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6 միլիոն դրամ: Մրցաշարը շարունակական բնույթ կկրի:
Եվրասիական լիգան կկայանա փետրվարի 16-21-ը «Սպորտի զարգացման կենտրոնում» (նախկին «Միկա» մարզահամալիր): Եզրափակիչը կկայանա փետրվարի 21-ին: Մուտքն ազատ է:



















































































































































































































































































































































































































































































































