
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը մտադիր է թիմում փոփոխություններ կատարել` նոր անուններ ավելացնելով ազգային ընտրանու կազմում:
-ի հաղորդմամբ` Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչներից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Բաբալարյանը:
«Առաջնությունից իսկապես բավականություն ստացա: Նորանոր մարզիկներ ի հայտ եկան: Սա ոգևորիչ է, քանի որ ամեն քաշային կարգում կարող է լինել մի քանի մարզիկ, ինչն էլ կբերի մրցակցության թիմի ներսում: Առաջնությունը շատ լավ էր կազմակերպված թե Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի, թե Չարենացավանի համայնքապետարանի կողմից»,-ասաց Բաբալարյանը: Վերջինս ընդգծեց, որ այս տարի առաջնության չեն մասնակցել Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը:
«Թիմում կլինեն փոփոխություններ: Ինքս տեսնում եմ մի քանի քաշային կարգի մարզիկների, որոնք կլինեն ազգային թիմում: Երիտասարդները պետք է միանան մեծերին ու եթե մեծերը չկարողանան պահպանել իրենց դիրքը` կփոխարինվեն երիտասարդներով»,-ասաց նա:
Ազգային հավաքականը 2026 թվականի առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի հունվարի 10-ից:


































































































































































































































































































































































































































