Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը երեք հաջող մոտեցմամբ պոկեց 131 կգ, 136 կգ, 143 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 166 կգ, հետո 175 կգ` դառնալով ԵԱ-ի նոր ռեկորդակիր: Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:
Երկամարտի 318 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Հիշեցնենք՝ կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երկամարտի 214 կգ արդյունքով (91+123 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր:
60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը չեմպիոնի կոչմանն արժանացել էր երկամարտի 267 կգ (120+147 կգ) արդյունքով: Առանձին վարժություններում ևս Չոլակյանը ոսկե մեդալներ է նվաճել: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել է նախ 115, ապա 120 կգ կշռող ծանրաձողերը:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել էր 115 կգ կշռող ծանրաձողն ու արծաթե մեդալ նվաճել:
















































































































































































































