
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում խոշոր հաշվով զիջեց Պորտուգալիային:
-ի հաղորդմամբ` Պորտու քաղաքում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Պորտուգալիայի հավաքականը տիրում էր նախաձեռնությանն ու 7-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Ռենատու Վեյգան ու առաջ մղեց պորտուգալացիներին: Բայց Հայաստանի հավաքականը վերականգնեց հաշվի հավասարությունը 18-րդ րոպեին: Էդուարդ Սպերցյանը գրավեց Պորտուգալիայի դարպասը` խփելով հավաքականում իր 11-րդ գնդակը:
Սակայն 28-րդ ու 30-րդ րոպեներին` ընդամենը երկու րոպեի ընթացքում, Պորտուգալիայի հավաքականը երկու անգամ գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը: Նախ աչքի ընկավ Գոնսալու Ռամուշը, այնուհետև` Ժոաու Նևեշը: Վերջինս նաև դարձավ դուբլի հեղինակ` 40-րդ րոպեին ստանդարտ դիրքից գրավելով Հայաստանի հավաքականի դարպասը:
Եվ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում` Հայաստանի հավաքականի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Բրունու Ֆերնանդեշը:
Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը շարունակեց անհաջող ելույթն ու ևս 4 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Բրունու Ֆերնանդեշը ևս երկու անգամ գրավեց Հենրի Ավագյանի դարպասը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ժոաու Նևեշը, ով կրկին հեթ-տրիկ ձևակերպեց: Եվ հանդիպման վերջնամասում Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց նաև Ֆրանսիշկու Կոնսեյսաուն:
Պորտուգալիա-Հայաստան` 9:1:
Պորտուգալիայի ազգային թիմը խմբում գրավեց առաջին տեղը` նվաճելով 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր: Հայաստանի ընտրանին խմբում վերջինն է:


















































































































































































































