Պրոֆեսիոնալ ռինգում ինձ զգում եմ՝ ինչպես ձուկը  ջրում. Անի Հովսեփյան

Անի Հովսեփյանը, որն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ու դեռևս միակ կին բռնցքամարտիկն է, որը Եվրոպայի չեմպիոն է դարձել, իր ելույթները շարունակում է պրոֆեսիոնալ ռինգում՝ շեշտելով սակայն, որ չի փակում էջը սիրողական բռնցքամարտում։

Հովսեփյանը հայկական բռնցքամարտի դպրոցի սան հանդիսացող առաջին կին բռնցքամարտիկն է, որ տեղափոխվում է պրոֆեսիոնալ ռինգ:

-ի հետ զրույցում Հովսեփյանը խոսել է պրոֆեսիոնալ ռինգում իր անցկացրած առաջին մենամարտից, որում հաղթանակ էր տոնել Սերբիան ներկայացնող Քսենյա Մեդիկի նկատմամբ։ Հովսեփյանը խոսել է նաև պրոֆեսիոնալ ռինգում իր առաջիկա անելիքների, սիրողական ռինգում դեռևս կիսատ թողած նպատակների մասին:

-Անի, ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակի կապակցությամբ: Պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս ստացաք պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու առաջարկը:

-Իրականում շատ անսպասելի տեղի ունեցավ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելը։ Քանի որ սիրողական բռնցքամարտում փոքր խնդիրներ առաջացան, առաջարկ ստացա «Grand boxing Management» ընկերությունից` հանդես գալու պրոֆեսիոնալ ռինգում: Շատ ուրախ եմ, որ սկսել եմ հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում: Ինձ համար դա երազանք էր: Մենեջերական այս ընկերությունը շատ վաղուց է հետևել ինձ, դիտել մենամարտերս: Պարզապես պահը հիմա է հասունացել: Գիտեք, եթե առաջարկն արվեր ավելի վաղ, երևի թե չէի ընդունի, քանի որ ցանկանում էի սիրողական բռնցքամարտում ավելի շատ փորձ հավաքել ու կայանալ:

-Արդյոք դեռևս սիրողական բռնցքամարտում անելիքներ ունե՞ք և վերջնականապես չեք մտնում պրոֆեսիոնալ ռինգ:

-Այո, սիրողական բռնցքամարտի էջը դեռ չեմ փակում: Դեռ այդտեղ ասելիք ու անելիք ունեմ: Իմ նպատակներից է դառնալ նաև աշխարհի չեմպիոն: Կարողացել եմ Եվրոպայի չեմպիոն դառնալ, այժմ պետք է նաև աշխարհի չեմպիոն դառնամ: Եվ, ինչպես բոլորը, այնպես էլ ես, մեծագույն երազանք ունեմ մասնակցել Օլիմպիական խաղերին ու, իհարկե, նաև մեդալակիր դառնալ:

-Իսկ արդյոք միջազգային կարգը թո՞ւյլ է տալիս պրոֆեսիոնալ ռինգում ելույթ ունենալու հետ մեկտեղ նաև սիրողականում մենամարտեր անցկացնել:

-Եթե չեմ սխալվում, այժմ նման արգելք չկա: Սակայն այդ պարագայում, գուցե, խանգարի բռնցքամարտի տեմպը, քանի որ սիրողական բռնցքամարտը երեք ռաունդ է, իսկ պրոֆեսիոնալը` ավելի շատ։

-Գալով պրոֆեսիոնալ ռինգում ձեր առաջին մենամարտին. ինչպե՞ս էր ընտրվել մրցակիցը, ո՞վ է նա, ի՞նչ որակների տեր մարզիկ է:

-Մեկնարկային մենամարտի համար իմ մրցակիցը Սերբիայից Քսենյա Մեդիկն էր։ Շատ լավ մրցակից էր: Նա իսկապես «պինդ» բռնցքամարտիկ էր, որը 6 ռաունդ ինձ շնչելու հնարավորություն չտվեց: Նա այն մարզիկներից չէր, որ առաջին հարվածից կերերար: Քսենյան լավ տեմպ տվեց մենամարտին: Այն, ինչ ամիսներ շարունակ մարզչիս հետ նախապատրաստել էինք այս մենամարտի համար, իրագործեցի:

-Ինչպե՞ս էիք Ձեզ զգում պրոֆեսիոնալ ռինգում, քանի որ սիրողականի համեմատ մի շարք տարբերություններ կան:

-Գիտեք, ես հասել եմ այն տարիքին, որ հստակ գիտակցում եմ, թե ինչ արժեք, կարևորություն ու նշանակություն ունի ինձ համար բռնցքամարտը: Այն ժամանակ, երբ դեռ սիրողական բռնցքամարտում էի, ինձ համար պրոֆեսիոնալ բռնցքամարտը միշտ եղել է երազանք: Ինքս ինձ հարցնում էի, երբ է գալու այն օրը, երբ ուժերս կփորձեմ պրոֆեսիոնալ ռինգում: Պրոֆեսիոնալ ռինգում ինձ զգում եմ՝ ինչպես ձուկը ջրում: Տարբերությունը սիրողականի համեմատ միայն փոքր մանրուքների մեջ է` ձեռնոցների չափս, ավելի շատ ռաունդներ և այլն։

-Ցավոք, մենք չունենք հայաստանյան բռնցքամարտի դպրոցից պրոֆեսիոնալ ռինգում իր ուժերը փորձող այլ կին բռնցքամարտիկ, բացի Ձեզնից: Դուք առաջատամարտիկն եք: Ի՞նչ նպատակ ունի հայկական ընտանիքի մեծ երազանք ունեցող աղջիկը` Դուք:

-Ես փոքր տարիքում ոգեշնչվել եմ Սյուզի Կենտիկյանից: Հենց նրա մենամարտերը դիտելիս էր, որ երազում էի ռինգում լինել: Ինձ համար մինչ այդ անսովոր էր, որ կինը կարող է բռնցքամարտով զբաղվել: Նա էր, որ ինձ տարավ դեպի բռնցքամարտ, ու մասնավորապես պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Երազանքս է, որ հասնեմ այն մակարդակի, որ համաշխարհային բռնցքամարտի աստղերի կողքին գրվի Հայաստանից եկած Անի Հովսեփյանի անունը: Տեսնում եմ այդ օրը ու վստահ եմ` լինելու եմ այնտեղ: Ինձ այդ ամենին հասնելու համար պետք է միայն բռնցքամարտին նվիրվածություն, աշխատասիրություն, հավատ՝ առ Աստված, որոնք ունեմ:

-Ի՞նչ է սպասվում Ձեզ ապագայում: Ե՞րբ կլինի հաջորդ մենամարտը:

-Այժմ բոլոր պլաններս կապված են պրոֆեսիոնալ ռինգի հետ: Սիրողական բռնցքամարտի մասին այս պահին մոռացել եմ:Հաջորդ մենամարտս կլինի հաջորդ տարի` 2026 թվականին: Սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ կլինի, ու ով կլինի մրցակիցս:

-Շնորհակալ եմ բովանդակալից զրույցի համար:

Հայաստանի հավաքականի կազմը` Երևանում կայանալիք բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ում