
Մինչ Թուրքիայի հետ սահմանը բացելու ու առևտուր անելու թուրքասեր իշխանության ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս, շուտով, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական նավթն ու նավթամթերքները կհոսեն Հայաստան։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այդ առնչությամբ արդեն բանակցում է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։
Այդ մասին վերջերս Դոհայի միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ըստ նրա, Հայաստանի հետ համագործակցության ոլորտներից մեկը դիտարկվում է նավթի ու նավթամթերքների արտահանումը։
«Այն ոլորտներից մեկը, որը մենք ներկայումս դիտարկում ենք, նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան»,- ասել է Հաջիևը՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի վերջին հանդիպմանը, սահմանազատման գործընթացից զատ, քննարկվել են նաև երկու երկրների միջև փոխադարձ առևտրի հետ կապված հարցերը։
Մհեր Գրիգորյանն ու իր գլխավորած հանձնաժողովը սահմանազատման աշխատանքները «դորդ ու բեշ» արեց, հիմա էլ անցել է առևտրային հարցերի ու հարաբերությունների լուծմանը։ Երրորդ տարին է՝ ադրբեջանական զինված ուժերի տիրապետության տակ են գտնվում Հայաստանի տարածքները, Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ոչ մի տեսանելի քայլ չի արվել այդ տարածքները վերադարձնելու ուղղությամբ։
Մինչև հիմա, ինչ էլ արել է այդ հանձնաժողովը սահմանազատման անվան տակ, արել է ի շահ Ադրբեջանի։ Միայն տարածքներ է հանձնել։ Չեղավ, որ մեկ անգամ էլ տարածքներ վերադարձնի Հայաստանին։
Հիմա էլ Մհեր Գրիգորյանը բանակցում է այն ոլորտների շուրջ, որտեղ կարող են առևտուր անել։ Ու այդ ոլորտներից առաջնայինը՝ դատելով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունից, դիտարկվում է նավթի ու նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից Հայաստան։ Մի բան, որը դարձյալ բխում է Ադրբեջանի շահերից։ Բացի այն, որ դրանով արտահանման նոր շուկա են ձեռք բերում, ուղղակի տնտեսական կախվածության մեջ են դնում Հայաստանին ադրբեջանական էներգակիրներից։ Մեծ բան չէ սկզբի համար «գնային զեղչեր» կիրառելը՝ մինչև շուկան իրենցով կանեն։ Հետո արդեն, ինչպես ասում են՝ տեխնիկայի հարց է։
Էներգակիրները եղել ու շարունակում են մնալ՝ որպես քաղաքական առաջնային ապրանք։ Այդ հանգամանքը Հայաստանի համար առավել ևս լուրջ վտանգներ է պարունակում ադրբեջանական էներգակիրների պարագայում՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ու հասարակության վերաբերմունքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։
Երբ գրեթե ամենօրյա ռեժիմով Ադրբեջանում խոսում են հայկական ինքնության ոչնչացման, Հայաստանի ադրբեջանացման ու 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին, ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել։ Բայց դա կարծես Հայաստանի այսօրվա կառավարիչներին քիչ է մտահոգում։ Կարևորն իրենց համար առևուր անելն է ու հարստություն կուտակելը։ Կարևոր չէ, բարեկամի՞, թե՞ թշնամու հետ կանեն։ Կարևոր չէ, թե դա հետագայում ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ երկրի համար։
Թե երբ ադրբեջանական նավթն ու նավթամթերքները կհայտնվեն Հայաստանի շուկայում, առայժմ կոնկրետություն չկա։ Բայց դա էլ հավանաբար ժամանակի հարց է։ Հատկապես որ, իշխանությունները պատրաստ են ցանկացած զոհողության գնով՝ Ադրբեջանի իրենց գործընկերների հետ օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել ու առևտուր անել։ Իսկ որ ադրբեջանական էներգակիրները լինելու էին այն առաջնային ապրանքներից մեկը, որոնք հոսելու էին հայաստանյան շուկա, կասկած չկար։
Այս փուլում առայժմ խոսք չկա գազի մասին, որովհետև դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքները բացակայում են, բայց հավանաբար դրան էլ շուտով ականատես կլինենք։
Տարիներ շարունակ նավթն ու նավթամթերքները, ինչպես նաև գազը Հայաստանը ներկրել է հիմնականում Ռուսաստանից։ Ներկրել է արտոնյալ գներով։ Հիմա հավանաբար պատրաստվում են դիվերսիֆիկացիայի անվան տակ, ռուսական նավթամթերքները փոխարինել ադրբեջանականով։
Ղարաբաղյան պատերազմի վայրագությունները, Արցախի կորուստն ու հազարավոր զոհերին շատ արագ մոռացան, անցել են թշնամու հետ առևտուր անելու նախապատրաստությանը։ Երկար ժամանակ պետք չի լինի համոզվելու համար, թե Հայաստանի տնտեսությունը որքանով է պատրաստ Ադրբեջանի, առավել ևս՝ Թուրքիայի հետ առևտուր անելուն։ Հատկապես որ, այդ երկրների մտադրությունների տակ թաքնված են թուրքական աշխարհի ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նպատակները։
Ինչքան էլ համարենք, որ սահմանների բացումը կարևոր է տնտեսության զարգացումների համար, այն նույնքան վտանգավոր է, երբ տնտեսությունը պատրաստ չէ դրան։ Սահմանների բացումից ու առևտրային հարաբերությունների հաստատումից հետո Հայաստանի տնտեսությունը շատ արագ կարող է ենթարկվել՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ՝ թուրքական ապրանքների էքսպանսիային ու դուրս մղվել շուկայից։
Փոխարենը՝ Հայաստանի տնտեսությունը շատ քիչ բան ունի առաջարկելու թուրքական ու ադրբեջանական շուկաներին։ Զարմանալի չէ, որ առայժմ խոսք չկա, թե էներգակիրների դիմաց՝ ի՞նչ է պատրաստվում Հայաստանի տնտեսությունն առաջարկել ադրբեջանական շուկային՝ հայկական գյուղմթե՞րքը, թե՞ չեղած բարձր տեխնոլոգիական արտադրության արտադրանքը։
Հայաստանի տնտեսությունը չունի այնքան պոտենցիալ, որպեսզի կարողանա մրցակցել թուրքական ու ադրբեջանական տնտեսությունների հետ։ Դա նշանակում է, որ այն շատ արագ կարող է կլանվել այդ երկրների կողմից։
Փակ սահմանների պայմաններում, Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները վատ օրինակ են դրա համար։ Չնայած այդ հարաբերությունները տարիների պատմություն ունեն, մինչև հիմա էլ հայկական ապրանքները չեն կարողանում որևէ առաջընթաց գրանցել թուրքական շուկայում։ Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա Թուրքիայի հետ ոչ պաշտոնական առևտրային հարաբերությունները միակողմանի բնույթ են կրում։ Հիմնված են գերազանցապես թուրքական ներմուծումների վրա, որոնք հասնում են տարեկան 250-300 մլն դոլարի։ Այն դեպքում, երբ հայկական արտահանումները 1-2 մլն դոլարից չեն անցնում։
Սահմանների բացումից ու առևտրային հարաբերությունների պաշտոնականացումից հետո էլ հույս չկա, որ հայկական ապրանքների մուտքը թուրքական շուկա կարող է մեծ տեղաշարժ գրանցել։ Փոխարենը՝ կանխատեսվում է, որ թուրքական ապրանքների ներմուծումը 2-3 անգամով կավելանա։
Մեծ ակնկալիքներ չեն կարող լինել նաև ադրբեջանական շուկայում։ Այնինչ՝ միայն ադրբեջանական էներգակիրների հոսքը Հայաստան բավական է, որ կարճ ժամանակում այդ երկիրը դոմինանտ դառնա Հայաստանի հետ առևտրային հարաբերություններում ու որոշ ոլորտներում ուժեղ դիրքեր գրավի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ


































































































































































































































