Հայաստանի երբեմնի «հպարտ» քաղաքացին անպաշտպան է մնացել իշխանությունների կամայականությունների դեմ։ ՔՊ-ական իշխանազավթների խումբը ժամանակին հայտարարում էր, թե իշխանության է գալիս, որպեսզի ժողովրդի կյանքը բարելավի։ Բայց ժողովրդի կյանքը բարելավելու փոխարեն՝ իրենք են միայն հարստանում։ Համատարած ամեն ինչ թանկացրեցին, հարկերն ու տուրքերն ավելացրեցին, քաղաքացուն դարձրեցին «տուգանքի մատերիալ», որպեսզի կարողանան իրենց ավելի շատ պարգևավճարներ բաժանել։

Այս օրերին պետական տարբեր կառույցներում պարգևավճարների բաժանման իսկական շքերթ է սկսվել։ Քիչ է՝ հարկատուների վճարած հարկերի հաշվին բարձր աշխատավարձեր են ստանում, մի բան էլ՝ պարգևավճարներով, հավելավճարներով են իրենց պարգևատրում ու խրախուսում։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 650-700 հազար աղքատներ կան, իսկ Ազգային ժողովի նախագահը կարող է իրեն թույլ տալ 1 ամսում 2 անգամ պարգևավճար բաժանել։

Դեկտեմբերին պատգամավորները միանգամից 3 մլն դրամ աշխատավարձ, պարգևավճար ու հավելավճար են ստացել։ Ամբողջ տարվա ընթացքում միջին վիճակագրական թոշակառուն 600 հազար դրամից էլ պակաս թոշակ է ստանում, իսկ պատգամավորները 1 ամսում 3 միլիոն են վաստակում՝ 5 անգամ ավելի շատ, քան թոշակառուն ամբողջ տարվա ընթացքում։ Այդ գումարը միջին վիճակագրական թոշակառուի 61 ամսվա թոշակն է։

Ի դեպ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հայտարարել են, որ հրաժարվել են տարեվերջյան պատգամավորական պարգևավճարներից, ու այդ գումարները, ինչպես յուրաքանչյուր տարի, ուղղել են բարեգործական տարբեր սոցիալական ծրագրերի աջակցությանը:

3 միլիոնը 40 անգամ ավելի շատ է, քան Հայաստանում գործող նվազագույն աշխատավարձն է, որը ստանում են հազարավոր, տասնյակ-հազարավոր աշխատող քաղաքացիներ ու դրանով փորձում գոյություն պաշտպանել։

Նրանց աշխատավարձը տարեկան անգամ 1 մլն դրամի չի հասնում, իսկ պատգամավորները 1 ամսում 3 մլն դրամ են ստանում։ Ո՞ւմ հաշվին է ՔՊ-ական Ազգային ժողովի նախագահն այսպիսի առատաձեռնություն թույլ տալիս իրեն։ Այսպես են «հավասարաչափ» բաշխում պետության փողերը, որ իրենք հարստանում են, իսկ հասարակության անապահով խավերը շարունակում են աղքատանալ։ Ու միայն Ազգային ժողովում չէ, որ այդպես է. Ամբողջ պետական ապարատն է դրա վրա։ Նույնիսկ արդեն եղած պարգևավճարներն են քիչ համարում։

Պարգևավճարներից դուրս նաև խրախուսում են իրենց։ Խրախուսման անվան տակ տարեվերջին 9.5 մլն դոլար բաժանեցին պետական պաշտոնյաներին, որպեսզի ճոխ Ամանոր դիմավորեն։ Ոչինչ, որ քաղաքացիների մի հսկայական զանգված հազիվ է կարողանում հանապազօրյա հացի հարցը լուծել։ Առանձին նախարարություններում նախարարների տեղակալներն ընդհուպ 5 մլն դրամի խրախուսում կստանան։ Վարչության պետերի, քաղաքական ու հայեցողական պաշտոն զբաղեցնողների խրախուսական գումարները կհասնեն 2.5 միլիոնի, բաժնի պետերինը՝ 1.2 միլիոնի։

ՔՊ-ականների իշխանության տարիներին, թե քանի՞ հարյուր միլիոն դոլարներ են բաժանել՝ որպես պարգևավճար, արդեն նույնիսկ դժվար է հաշվել։ Բայց որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի էվոլյուցիա է անցել այս պրոցեսը, բերենք Երևանի քաղաքապետարանի օրինակը

։ Չորս տարվա ընթացքում քաղաքապետարանի պարգևավճարների, դրամական խրախուսումների ու հատուկ վճարումների համար հատկացվող գումարներն ավելացել են 7 անգամով։ Հաջորդ տարվա համար այդ նպատակին ուղղվող հատկացումները, այս տարվա նկատմամբ, ավելանալու են գրեթե 74 տոկոսով։ Այս տարի էլ անցած տարվա նկատմամբ էին ավելացել 46 տոկոսով։

Ամեն ինչ թանկացրել են, քաղաքային վճարներն ու տուրքերը բարձրացրել են, երբեմն անգամներով ու տասնյակ անգամներով, որպեսզի աստղաբաշխական տեմպերով ավելացնեն պարգևավճարների ու հավելավճարների գումարները։ Քաղաքացու հաշվին այսպիսի շռայլություններ են անում։ Տրանսպորտը թանկացնում են, աղբահանությունը թանկացնում են, «կարմիր գծերը» թանկացնում են, գույքահարկը բարձրացնում են, որպեսզի պարգևավճարների համար գումարներն ավելացնեն։ Քաղաքացու ու քաղաքային խնդիրները լուծելու փոխարեն՝ իրենց խնդիրներն են լուծում։

Փող չունեն ավտոբուսներ, տրոլեյբուսներ առնելու, մետրոյի կայարան կառուցելու՝ միլիարդներ են ծախսում պարգևավճարներ ու հավելավճարներ բաժանելու համար։ Մյուս անհեթեթ ու շռայլ ծախսերի, կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախված գնումների մասին դեռ չենք խոսում։ Վաղն էլ ասելու են՝ 250 մլն դոլար է պետք մետրոյի կայարան կառուցելու համար, եթե, իհարկե, կարողանան հասնել դրան։

Յոթ տարի է՝ Աջափնյակի կայարան են կառուցում, դեռ շինարարության մեկնարկին չեն հասել։ Հույս էլ չկա, որ հաջորդ տարի կարող են հասնել։ Կառուցելու համար էլ դեռ վարկեր պիտի վերցնեն, եթե վարկ տվող էլ գտնեն։ Ո՞ր լավ աշխատանքի ու ձեռք բերած հաջողությունների համար են այսքան շռայլորեն իրենց վրա ծախսում քաղաքացիների և հարկատուների վճարած գումարները։ Եթե մի փոքր զսպեին ախորժակը, հաստատ պետական պարտքն էլ հիմա այսքան ավելացած չէր լինի։

Երկնքից չեն ընկել այս գումարները, սրանք հարկատուների ու քաղաքացիների վճարած փողերն են, որոնց հաշվին փոխել են իրենց կյանքն ու կենցաղը, վերևից են սկսել նայել ժողովրդին, բոլորը համատարած բնակարանների ու թանկարժեք մեքենաների տեր են դարձել։ Մինչդեռ՝ հարյուր-հազարավոր երբեմնի «հպարտ» քաղաքացիներ ոչ միայն չեն կարողանում հաղթահարել աղքատությունը, այլև տարեցտարի ավելի են աղքատանում, որովհետև իշխանությունները մտածում են ոչ թե այս մարդկանց, այլ իրենց կյանքը բարելավելու մասին։

Ու մինչ այդ քաղաքացիներին աղքատությունից հանելու համար, պարզվում է, պետությունը փող չունի, իշխանություններն ամեն տարի միլիարդներ են հատկացնում իրենց պարգևավճարներ ու հավելավճարներ վճարելու համար։ Դեռ մի բան էլ բողոքում են, թե քիչ է, ու դրա պատճառով լավ մասնագետները չեն գալիս պետական համակարգում աշխատելու։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ